17.08.2017 10:15

Հայտնի է, թե որքան գումար են վաստակելու Չեմպիոնների Լիգայի մասնակիցները

Հայտնի է, թե որքան գումար են վաստակելու Չեմպիոնների Լիգայի մասնակիցները

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է եկամուտների բաշխման կարգը Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշարում:

2017/18 մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի, Եվրոպա Լիգայի և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության եկամուտները գնահատվում են մոտավորապես 2,35 մլրդ եվրո: Համաձայն այդ կանխատեսման՝ եվրագավաթների մասնակիցների պարգևատրման ֆոնդը կազմում է 1,7187 մլրդ եվրո, որից 1,3189 մլրդ-ը բաժին կհասնի Չեմպիոնների Լիգայի և Սուպերգավաթի խաղարկության, իսկ մնացած 399,8 մլն-ը՝ Եվրոպա Լիգայի մասնակիցներին:

Որակավորման փուլի մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա միանվագ 260.000 եվրո, առաջին փուլի մասնակիցը՝ 220.000 եվրո, երկրորդ փուլի մասնակիցը՝ 320.000 եվրո, երրորդ փուլի մասնակիցը՝ 420.000 եվրո: Այսպիսով մեր չեմպիոնը՝ «Ալաշկերտ»-ը, կստանա 800 հազ. եվրո պարգևավճար, քանի որ դուրս է մնացել որակավորման երկրորդ փուլից:

Չեմպիոնների Լիգայյի խմբային մրցաշարի յուրաքանչյուր մասնակից կստանա երաշխավորված 12,7 մլն եվրո: Բացի դրանից, խմբային փուլում տոնած յուրաքանչյուր հաղթանակի համար թիմը կստանա 1,5 մլն, իսկ ոչ-ոքիի համար՝ 500 հազ. եվրո:

1/8 եզրափակչի մասնակիցները հավելյալ կստանան 6 մլն, 1/4 եզրափակչինը՝ 5,5 մլն, կիսաեզրափակչի մասնակիցները՝ 7,5 մլն եվրո: Եզրափակչի մասնակցի բյուջեն կհարստանա 11 մլն եվրոյով, իսկ հաղթող թիմը կստանա 15,5 մլն եվրո:

Օրերս կայացած Սուպերգավաթի խաղարկության հաղթող Մադրիդի «Ռեալ»-ը կստանա 4 մլն եվրո, նրա մրցակիցը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը՝ 3 մլն եվրո: