17.08.2017 14:27

Կոչ են անում զգուշանալ եւ չվնասել Խոսրովի արգելոցի հրդեհից փախած կենդանիներին

Կոչ են անում զգուշանալ եւ չվնասել Խոսրովի արգելոցի հրդեհից փախած կենդանիներին

Բնապահպանության նախարարությունը կոչ է անում զգուշանալ եւ չվնասել Խոսրովի արգելոցում հրդեհի հետեւանքով այլ տարածքներ տեղափոխված կենդանիներին:

Նախարարի մամուլի խոսնակ Մարիա Կարապետյանը նշում է, որ օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, ինչպես նաև մինչ այդ ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի հարակից տարածքներում բռնկված հրդեհների պատճառով տեղի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ: Նախարարությունը կոչ է անում զգոնություն և զգուշություն ցուցաբերել, միաժամանակ հորդորում է՝ անհարկի չվնասել աղետի պատճառով տեղափոխված կենդանիներին։ Նախարարությունը դիմել է նաև որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ հնարավորինս զերծ մնալ ՀՀ Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի որսահանդակների բարձրադիր գոտիներում որս իրականացնելուց: 
«Բնապահպանության նախարարը հանձնարարել է Բնապահպանական պետական տեսչությանը ուժեղացված հսկողություն սահմանել վերոհիշյալ շրջաններում՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով կարմիրգրքային կենդանիներին», - ասվում է Կարախետյանի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ֆեյսբուքում: