17.08.2017 23:51

Ահաբեկչություն Բարսելոնում. 13 զոհ (քրոնիկա, լուսանկարներ)

Ահաբեկչություն Բարսելոնում. 13 զոհ (քրոնիկա, լուսանկարներ)

03:38 Կատալոնիայի ոստիկանությունը հայտնել է, որ մինչ այժմ ձերբակալվածների մեջ մարդկանց խմբի վրա հարձակված ֆուրգոնի վարորդը չկա: Կասկածյալը, որի լուսանկարն ավելի վաղ տարածվել է, ինքնակամ է հանձնվել ոստիկանությանը՝ հայտնելով, որ իր անունով գրանցված ֆուրգոնի վարձակալության փաստաթղթերն իրենից գողացել են: Ոստիկանությունը հայտնել է նաեւ, որ ոստիկաններին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը սպանվել է, թեեւ նրա կապը հիմնական ահաբեկչության հետ առայժմ հաստատված չէ: Սակայն արդեն իսկ հաստատված է, որ Բարսելոնի վրա օգոստոսի 17-ն ահաբեկչական հարձակումների շարք էր նախատեսվել, դրանցից մի մասը իրականացվել է:  

01:08 Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչը հայտնում է, որ ահաբեկչության հետեւանքով տուժածների թիվն անցել է 100-ից: Նրա խոսքով, զոհվածների թիվը կարող է մեծանալ, փոխանցում է BBC-ն: Մինչ այժմ հայտնի է 13 զոհի մասին: 

00:56 Վերջին տվյալներով, 80 տուժածներից 10-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ավելի քան 40-ը թեթեւ վնասվածքներ են ստացել: Բարսելոնի բնակիչները հերթ են կազմել՝ արյուն հանձնելու համար:  
11:47 Բարսելոնի կենտրոնում, առաջին ահաբեկչությունից երկու ժամ անց մեքենան վրաերթի է ենթարկել երկու ոստիկանի: Կատալոնիայի ոստիկանությունը դեռ պաշտոնապես այս միջադեպը ահաբեկչության հետ չի կապում: 

 ***
Բարսելոնի կենտրոնում ահաբեկիչները ֆուրգոնով մխրճվել են մարդկանց խմբի մեջ: Վերջին տեղեկություններով 13 մարդ զոհվել է, շուրջ 50-ը՝ տուժել են, այդ թվում՝ 10-ը ծանր վնասվածքներ են ստացել:

Մեքենան մի քանի տասնյակ մետր անցել է հետիոտն գոտում եւ կանգնել է կենտրոնական շուկայի մոտ: Վարորդը թաքնվել է: Ոստիկանները եւս մեկ ֆուրգոն են գտել, որը ենթադրաբար պատրաստվում էր նմանատիպ ահաբեկչություն կատարել:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ քաղաքի ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել:

Բարսելոնի ոստիկանությունը հայտնել է կասկածյալին բերման ենթարկելու մասին: Նախնական տվյալներով, Մաղրեբի Դրիս Ուկարիբա անունով տղամարդը վարձակալել է ֆուրգոնը, որով կատարել է ահաբեկչական ակտը: Ավելի ուշ ձերբակալվել է երկրորդ կասկածյալը:

ԱՄՆ-ի, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Եվրահանձնաժողովը, այլ երկրներ ու կազմակերպություններ արդեն իրենց ցավակցությունն են հայտնել եւ դատապարտել են Բարսելոնի ահաբեկչությունը:
Իսլամական պետություն ահաբեկչական կազմավորումը կատարվածի պատասխանատվությունը վերցրել է իր վրա, տեղեկացնում է Reuters-ը:

Բարսելոնի քաղաքացիները եւ այլ կարեկցողներ Թվիթերում եւ այլ սոցցանցերում տեղադրում են կատուների լուսանկարներ: Այդպիսով նրանք կոչ են անում մնացած օգտատերերին՝ #Barcelona հաշթագի տակ չցուցադրել հակաահաբեկչական հատուկ գործողություն իրականացնող ոստիկանների եւ զոհերի լուսանկարներ: Զոհերինը՝ էթիկայի կանոններից ելնելով, ոստիկաններինը՝ հակաահաբեկչական գործողություններին չխանգարելու նկատառումով:

Իսպանացի լրագրողներից մեկը Թվիթերում հայտնում է,որ այժմ Բարսելոնի տաքսիները մարդկանց տեղափոխում են անվճար:

Լուսանկարները՝ AFP, REUTERS, MAGNUM PHOTO, GETTY IMAGES