18.08.2017 22:05

Արսեն Գրիգորյան. Մեր մեռելներն ու ՀՀԿ-ի «ռեսթարտը»

Արսեն Գրիգորյան. Մեր մեռելներն ու ՀՀԿ-ի «ռեսթարտը»

Գյումրիում 23-ամյա աղջիկը մկնդեղ է խմել:

«Սանիտեկի» աշխատակիցները մարդ են ծեծել, որը մահացել է: Հայաստանը կարծես ամբողջ աշխարհի հետ մրցի մահվան աչքերի մեջ նայելու համարձակությամբ:

Իսկ Ամերիկայում 94-ամյա պապիկը կնոջ մահից հետո սեփական այգում լողավազան է սարքել, որ երեխաները մտնեն, լողանան: Գրեթե Օսկար Ուայլդի բարի հսկան է, որը երկար դիմադրելուց հետո ի վերջո այգու դռները բացում է երեխաների առաջ:

Պայմանագրային զինծառայողի դին գտել են հրդեհված մեքենայում: Սպանելն արդեն բավարար չէ: Պետք է մի արգելոցի հրդեհ էլ մահացածի վրա սարքել:                 

Մտածելու բան է՝ գուցե «սարսուռն» այլես հանե՞նք հայերենից: Գուցե Հրանտ Բագրատյանն այս առթիվ ինչ-որ բան ասի՞: Բարեբախտաբար կա քաղաքակիրթ աշխարհը եւ կա համացանցը: Կարդացողը կկարդա, որ ամռանը լավ բաներ էլ են լինում:

 Ճապոնիայում մի քանի օրվա որոնումից հետո գտել են Կիոտոյի կենդանաբանական այգու միակ հսկա կրիային: Եվ ինչ խնամքով են նրան տեղ հասցրել:

Իսկ հիմա պատկերացրեք Խոսրովի հրդեհից ահաբեկված կենդանիներին: Դուք կարծում եք, թե նրանց հայացքները խաղաղվե՞լ են հրդեհից հետո:

Ողջ մնացածների վրա կրակող միշտ էլ կգտնվի:

Մենք սիրում ենք իրերը «դնել» իրենց տեղը: Ամբողջ աշխարհում այդ երեւույթը կոչվում է սպանություն: Ահա ինչու, եթե դու ասիական կամ աֆրիկյան երկիր չես, նույնիսկ դատավարությունն ես սարքում happy end-ի սյուժեով:

Աշխարհը լավատեսություն է մուրում, որովհետեւ մահը կա, մահը չի դարանում:

Դե, հա, կա նաեւ Բարսելոնի ահաբեկությունը: Բայց մենք դրան կպատասխանենք Վանաձորում փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի՝ Վանաձորում սփռած ահաբեկչական մթնոլորտով:

Մենք մեր «Իսլամական պետությունն» ունենք: Մենք ամենայն սարսափելիի համար ունենք բավարար երեւակայություն:

23-ամյա աղջիկն ինչու՞ է մկնդեղ խմում: Եթե պատճառը սերը չէ, ահասարսուռ լրատվությունն ամեն ինչ տեղը կդնի: Եթե լրատվությունը լռի, իր կապանքները կան, որոնք հյուսել է շրջապատի մտածողությունը:

Աղջիկը փորձել է ինքնասպան լինել:

Որովհետեւ այս երկրում մահն արդեն մի արտառոց բան չէ: Մեռնում են ամեն անկյունում, ցանկացած առիթով, ինչպես խաղողի ողկույզն են պոկում թփից, ինչպես հարազատին են ժպտում:

Որովհետեւ անծանոթին ժպտալը աղջիկ երեխա ունենալու նման «անհարմար» բան է:

Մեռնելու այլընտրանքը ՀՀԿ խոսնակ Էդվարդ Շարմազանովի երեկվա հայտարարությունն է՝ ՀՀԿ-ն ներկուսակցական աշխատանքի «ռեսթարտ» է տվել: Ահա այն, ինչ չէր հերիքում մեր արդեն գնացած մարդկանց՝ կուսակցությունը քուն էր մտել:

Չի բաժանվել ոչ մի ընտրակաշառք, Արտակ Սարգսյանը հրապարակավ չի նվաստացրել իր աշխատողներից ոչ մեկին: Ամառը մի խոսքով ինքն է Հանրապետականից հեռու՝ մահաբեր «ցիկլոնների» ժամադրավայր: Բայց պետք է պատրաստ լինել: Ամառը վերջանում է:

«Բազեն» արդեն սկսել է իր թռիչքը, եւ տարվա մյուս եղանակներին մեռնելու փոխարեն մեզ կառաջարկեն «առողջարար» սրիկա լինելու բոլոր տարբերակները: