22.08.2017 12:09

Արսեն Գրիգորյան. Պարոն Բագրատյան, իսկ Սամվել Մկրտչյանի «Ուլիսեսը» կարդացե՞լ եք

Արսեն Գրիգորյան. Պարոն Բագրատյան, իսկ Սամվել Մկրտչյանի «Ուլիսեսը» կարդացե՞լ եք

Լեզվի մասին Հրանտ Բագրադյանի «սադրած» բախումը ավելի բնորոշ էր քարացած քաղաքակրթությանը, որպիսին լինելու վտանգի մեջ ենք մենք:

Նախկին վարչապետի տագնապները հասկանալի են՝ չթարգմանել անթարգմանելին, մնալ միջազգային հանրության հետ ինտեգրման մեջ, այլ խոսքով՝ ինֆլյացիան տարբերել գնաճից: Ըստ ամենայնի՝ պարոն Բագրատյանը եղած հայերենի հետ կռիվ չունի: Նրա կռիվը այն հայերենի հետ է, որը չի գալու: Կամ՝ այն հայերենի հետ, որն անցյալում է:

Իսկապես, վերջին 100 տարում հայերենը գրեթե չի փոխվել, ավելացել են տիեզերագնաց, համակարգիչ եւ նման բառերը: Բայց սա՝ տեխնոլոգիական բնագավառում: Բանաստեղծական հայերենը այնպիսի մարդկանց ձեռքով է անցել՝ Տերյան, Չարենց, Սեւակ, նույնիսկ՝ Շիրազ, որ բողոքելու բան չկա: Ժամանակակից բանաստեղծները գրականության հայերենն ավելի են հարստացրել: Հրանտ Բագրատյանի մտահոգության բացթողումը ոչ այնքան քաղաքակրթական է, որքան՝ քաղաքական: Իսկ սա նախկին վարչապետը չի նկատում: Ինքը չի ասում, որ սրա համար պատասխանատուներ կան:

Մենք մեկուսացված ենք: Թեպետ «Անտարեսի» հրատարակած թարգմանական գեղարվեստական գրականությունը մեզ գրեթե դարձրել է «համաշխարհային» ազգ:

Չկա մի լեզու, որից վերջին տարիներին որեւէ գեղարվեստական ստեղծագործություն հայերենացված չլինի: Բայց մենք մեկուսացած ենք աշխարհից մտակերտվածքով: Այսինքն, մենք առաջինը կարող ենք հայերենացնել Շեքսպիրի՝ ամբողջ աշխարհին անհայտ մի ստիխ, սակայն պետության տեսլականը լինի մի հասարակություն, որն ընտրությունների օրը ձեռքը պարզի 10 հազար դրամների ուղղությամբ: Այս մասին պարոն Բագրատյանը ոչինչ չի ասում: Նա կարծում է, թե լեզվաբաններն անելիք ունեն: Նա ճիշտ չէ: Խնդիրը լեզվաբանները չեն: Մեր միտքը փակ է վաղվա բառի առաջ: Մեր լեզուն չի «լողանում»: Մենք փակել ենք լեզվի «բաղնիքը»: Այսինքն, չի շնչում այդ լեզուն: Ահա ինչու ավտոպահեստամասերի մասին «խադավիկի» իմացած բոլոր բառերը «կեղտոտ» ռուսերեն են: Որովհետեւ «խադավիկը» անգլերենի կամ ֆրանսերենի «բաղնիքի» մասին ոչինչ չգիտի: Ինքն իր կեղտոտ միջավայրում նստած՝ ոչ մի բանի մասնակից չէ: Այդպես էլ վերաբերվում է իր երեխայի կրթությանը: Եթե երեխան չի հայհոյում, արդեն բավարար է:

Գուցե ֆրանսիացի «խադավիկն» էլ է փակ մարդ: Բայց պետությունը այնպիսի թթվածին է ապահովել երկրի ներսում, որ ապաբարոյականացման ոչ մի տեղ չկա՝ ինքը կաշառք չի տա, որեւէ մեկին չի քցի:

Մարդու վարքը հաշվետվություն է լեզվի հանդեպ: Ֆրանսիացին հաշվետու է: Ահա ինչու է ֆրանսերենը գրոհում: Անգլիացին հաշվետու է: Շեքսպիրը նրա համար սոսկ գրականություն չէ, այլեւ սոցիալիզացիայի միջավայր: Հայերենի կրողը՝ բանաստեղծից մինչեւ «խադավիկ», նույն ապաբարոյականության սպառողներն են: Երկուսին էլ կարելի է կաշառել, երկուսն էլ ձեռքերը լվացել են եղած կրթությունից: Երկուսն էլ ապրում են այս օրով, որը շարժ չունի: Լեզուն հայ բանաստեղծի կամ «խադավիկի» այցեքարտը չէ: Իրենք մտնում են տուն, տեսնում՝ կինը հնդկական սերիալի հերթական դրվագն է որոճում, գուցե փնթփնթում են այդ անհեթեթությունից, բայց ի վերջո հաշտ են, հնդկական սերիալը կտրում է օրվա ցանկացած մարտահրավեր: Այդ կնոջ հետ իրենք կապված են ընդհանուր «հանցանքով», ասենք՝  հաշտվել են, որ անձամբ ոչինչ չեն կարող փոխել այս երկրում, որ եւս մի անգամ պատրաստ են հավատալ որեւէ օլիգարխի եւ այլն: Իրենք առաջարկներ չունեն: Առավելագույնը, որ կարող են անել՝ բողոքել, եթե շենքի բակից կոյուղու հոտ է գալիս:

Հրանտ Բագրատյանը չգիտի, որ իր կռիվը լեզվի հետ չէ: Նա կռիվ ունի իշխանության հետ, որը մեր լեզուն դարձրել է անհյուրընկալ: Նա դա չի ուզում խոստովանել: Եվ չի ուզում ընդունել, որ լեզվի տնտեսությունը այլ տնտեսություն է: Այս ոլորտ նախկին վարչապետը պետք է մտներ գոնե որեւէ լեզվաբանի հետ, որը գուցե հարցներ՝ պարոն Բագրատյան, իսկ Սամվել Մկրտչյանի «Ուլիսեսը» կարդացե՞լ եք: