23.08.2017 14:16

Դարվի՞ն, թե՞ ջիհադ. Թուրքիայի նոր դպրոցական ծրագիրը

Դարվի՞ն, թե՞ ջիհադ. Թուրքիայի նոր դպրոցական ծրագիրը

«Կրթությունը Թուրքիայում երբեք աշխարհիկ չի եղել, այժմ էլ կրթական ծրագրում կան կրոնի պարտադիր դասեր: Իսկ հիմա նրանք մտցնում են նաև ջիհադի հայեցակարգի դասավանդում, և դա ուղղակի հրեշավոր բան է»,- կարծում է թուրք դպրոցականի մայրը:

Այս սեպտեմբերից Թուրքիայի դպրոցներն սկսելու են աշխատել նոր ծրագրով, և դրա բովանդակությունը չափազանց անհանգստացնում է ծնողներից շատերին:

«9-10 տարեկանում երեխաները դասարանում ուսանում են աղոթքներ Ղուրանից: Ես կարծում եմ, որ երեխան կրոնական կրթություն պետք է ստանա տանը, այլ ոչ թե դպրոցում»,- ասում է BBC-ի զրուցակիցը:

Փոփոխություններն առնչվելու են ռաջին, հինգերորդ և իններորդ դասարանների ծրագրերին, և նոր ծրագրերի հակառակորդներին, բացի ջիհադի հայեցակարգից, անհանգստացնում է նաև այն, որ միջին դասարանների ծրագրից հանվել է էվոլյուցիայի տեսության դասավանդումը:

Բացի այդ՝ ծրագրում կրճատվել են թուրքական աշխարհիկ պետության հիմնադիրը համարվող Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կենսագրությանը հատկացվող դասաժամերը, դրա փոխարեն՝ ավելացել են կրոնի դասաժամերը:

Թուրքիայի կրթության նախարար Իսմեթ Իյիլմազն առարկում է նոր  ծրագրի քննադատներին՝ պնդելով, որ նրանից հանվել են միայն «անպետք, հնացած և կրկնվող առարկաները, ծրագրում ավելի քան 100 հազար փոփոխություն է արված, և դրանցից մի քանիսի շուրջ ընդամենը բանավեճ ծավալելն անարդար կլինի:

Փոխանցում է BBC-ն: