24.08.2017 13:29

Թուրքիան դեմ է Իրաքում քրդական հանրաքվեին

Թուրքիան դեմ է Իրաքում քրդական հանրաքվեին

Թուրքիան հույս ունի, որ Իրաքյան Քուրդիստանի անկախության վերաբերյալ հանրաքվեն չեղյալ կհայտարարվի: Այդ մասին չորեքշաբթի Բաղդադում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:  Ըստ նրա՝ «Բաղդադի և Էրբիլի միջև տարաձայնությունները պետք է լուծվեն առանց Իրաքի տարածքային ամողջականությունը խախտելու»:

«Էրբիլի որոշումը՝ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, սխալ է, և մենք այդ մասին բացահայտ ենք հայտարարել: Իրաքյան Քուրդիստանի դրոշի բարձրացումը պաշտոնական և կառավարական շենքերի վրա հակասում է Իրաքի սահմանադրությանը»,- ասել է Չավուշօղլուն:

Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ-Ջաֆարին հայտարարել է. «Մենք քննարկել ենք Բաշիկի շրջանից թուրքական զորքերը դուրս բերելու անհրաժեշտության հարցը: Թուրք զինվորականներն այնտեղ են արդեն գրեթե երկու տարի՝ 2015 թ. դեկտեմբերի 3-ից»:

Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին մտադրություն է հայտնել տարածաշրջանի անկախության հանրաքվե անցկացնելու սեպտեմբերի 25-ին:

Իրաքյան Քուրդիստանը Քրդական ինքնավար շրջանի ոչ պաշտոնական անվանումն է, որը լայն ինքնավարության կարգավիճակ ունի Իրաքի կազմում: Շրջանի իրավաբանական կարգավիճակը սահմանադրության մեջ ամրագրվել է 2005 թ.:

Փոխանցում է euronews-ը