25.08.2017 21:46

Չարբախցիները պահանջում են «Սանիտեկի» ավտոպարկը հանել փոխքաղաքապետի հորը պատկանող տարածքից

Չարբախցիները պահանջում են «Սանիտեկի» ավտոպարկը հանել փոխքաղաքապետի հորը պատկանող տարածքից

Երեւանի Շիրակի փողոցի 3-րդ եւ 4-րդ նրբանցքների բնակիչները լուրջ խնդրի առաջ են կանգնած: 2015-ի հունիսից սկսած Չարբախի բնակելի թաղամասում՝ շենքերի անմիջական հարեւանությամբ գտնվող ընդարձակ տարածքում տեղակայվել է մայրաքաղաքի մաքրությամբ զբաղվող «Սանիտեկ» ընկերության ավտոպարկը: Մի քանի տասնյակ աղբատար, ջրցան, ձյուն մաքրող եւ այլ տեխնիկա է կայանում այստեղ: Ավտոպարկի տարածքին անմիջապես հարում է 6-7 բազմաբնակարան շենք, չհաշված առանձին տները:  

Բնակիչներին հատկապես խանգարում են աղբատար մեծ մեքենաները՝ դրանք յուրաքանչյուր երեկո գալիս են ավտոպարկ, որտեղ ընկերության աշխատակիցները ջրով մաքրում են աղբի խցերը: Երբեմն նաեւ աղբով կիսատ բեռնված մեքենաների վարորդները կայանում են պարկում՝ առավոտյան գործը շարունակելու եւ հետո նոր՝ աղբավայր գնալու մտադրությամբ: 

Հատկապես տարվա տաք եղանակին բնակելի շենքերում տարածվում է աղբի հոտը, իսկ խոշոր մեքենաների եւ ավտոպարկի աշխատակիցների աղմուկը մարդկանց ուղեկցում է ամբողջ տարվա ընթացքում: Բացի տհաճ հոտից, մարդիկ մտավախություն ունեն նաեւ զանազան վարակների տարածումից:

Քաղաքացիների պարբերական դժգոհությանն ի պատասխան, քաղաքապետարանից հայտնում են, որ «ամեն ինչ թղթերով նորմալ է», իսկ ընկերությունից տեղեկացնում են, որ տարածքը մշտապես ախտահանվում է հատուկ նյութերով: Բայց սա է՛լ ավելի է մեծացնում մարդկանց մտահոգությունները. հատուկ միջոցները սովորաբար առողջության համար վնասականր թունաքիմիկատներ են պարունակում: «Սանիտեկում» նաեւ առաջարկել են բնակիչներից ոմանց՝ օդորակիչներ տեղադրել բնակարաններում, սակայն դա հարցի լուծում չի կարող լինել՝ մարդիկ չեն կարող ամիսներով տանը փակված մնալ՝ աղբի գարշահոտությունը չզգալու համար:

Նախօրեին հարակից մի քանի շենքերի բնակիչները հերթական անգամ բողոքի ցույց են արել՝ պահանջելով տեղափոխել ավտոպարկը: Բնակիչները մեծամասամբ հրաժարվում են զրուցել տեսախցիկի առաջ կամ ներկայանալ իրենց անուններով, ամեն մեկը իր պատճառն ունի՝ ընկերական կապեր, համատիրությունների հետ հարաբերությունները չփչացնելու շարժառիթներ եւ այլն: Բայց առանց ձայնագրիչի վրդովված պատմում են իրենց խնդրի մասին:

Կարմիր գծերով նշված են բնակելի շենքերը, կենտրոնում «Սանիտեկի» ավտոպարկն է:

Ի դեպ, մի քանի օր առաջ՝ օգոստոսի 15-ին տեղի ունեցած մահվան ելքով միջադեպը տեղի է ունեցել հենց այս խնդրի պատճառով. 59-ամյա բնակչին հերթական բողոքից հետո «Սանիտեկի» հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցները հրավիրել են «հաշիվները պարզելու», եւ «Կարմիր բլուր» գերեզմանատան մուտքի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ տղամարդը սրտի կաթվածից մահացել է: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, սակայն ձերբակալվածներ դեռ չկան:

Ուշագրավ է, որ մինչեւ 2015 թվականը «Սանիտեկ»-ի ավտոպարկը տեղակայված էր Էրեբունի թաղամասում՝ բնակելի տարածքներից բավական հեռավորության վրա: Էլ ավելի ուշագրավ է փաստը, որ ներկա՝ Շիրակի փողոցի տարածքի (նախկին «Հացառ») սեփականատերը Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հայրն է՝ Համլետ Նիկոյանը: Թե ինչու է մայրաքաղաքի աղբահանությամբ զբաղվող ընկերությունը որոշել տեղափոխել ավտոպարկը եւ արդյոք որեւէ դեր այս հարցում խաղացել այն փաստը, որ Շիրակի փողոցում գտնվող տարածքի սեփականատիրոջ որդին Երեւանի քաղաքապետի տեղակալն է (որը, ի դեպ, հետաքրիր «զուգադիպությամբ» համակարգում է նաեւ քաղաքի կոմունալ ծառայություններին վերաբերող հարցերը), iLur.am-ը կփորձի պարզել մոտ օրերս: