26.08.2017 15:18

Արսեն Գրիգորյան. Վայ մեզ...

Արսեն Գրիգորյան. Վայ մեզ...

Մեր կյանքը փոխվում է ամեն օր: Եվ վայ մեզ, եթե էդ փոփոխության մեջ մենք ոչ մի դեր չունենք: Եվ կրկին վայ մեզ, եթե մենք դեր ունենք ու արդյունքը սա է: 

Վայ դերասաններին, որոնք տուն են վերադառնում կյանքի հետնամուտքով, որում փոփոխական չէ նույնիսկ դռան ճռռոցը:

Վայ լրագրողներին, որոնք կյանքը վաղուց հանգիստ են թողել ու բոլորին ընկալում են որպես հերոսների, որոնք չեն լինելու:

Վայ հոգեւորականներին: Որտեղ դու կաս առանց Աստծո, այնտեղ Աստված չկա:

 Վայ չինովնիկներին, որոնք երախտագիտությունը կուտակում են իրենց գրպանում եւ ոչ թե սրտերում:

Վայ ոստիկաններին, որոնք մահակներով են շարադրում պետության վաղվա օրը, որում ոք չկա:

Վայ դատավորներին, որոնք օրենքի սրիչով սրում են քաղաքացու կամքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Վայ հիվանդներին, որոնք պառկած են քաղաքի մեջ: Իրենց առողջությունից բացի նրանք այլ տեսադաշտ չունեն:

Վայ առողջներին, որոնք առողջ են քաղաքի մեջ: Նրանք միայն հիվանդ լինելու առողջություն ունեն:

Վայ բժիշկներին, որոնք կյանքի ռիթմը չափում են մահվան թելադրած գնացուցակով:

Վայ գերեզմանափորներին, որոնք մահվան ռիթմը չափում են կյանքի գնացուցակով:

Վայ հարուստներին, որոնք Տաճարներում են բաշխում հացը:

Վայ աղքատներին, որոնց բաշխվածն իրենց այդ հացի այլընտրանք չի դարձնում: 

Վայ գրողներին, որոնք դեռ չգիտեն, որ գրականությունը նույնպես պետական բյուջեի համահեղինակ է:

Վայ փիլիսոփաներին, որոնց միտքը խրամատավորվել է կռիվ չունեցող բոլոր գաղափարների արանքում:

Վայ ուսուցիչներին, որոնց աշակերտները բոլոր ժամանակների նույն երեխաներն են:

Վայ վիճակագիրներին, որոնք համալսարաններից իրենց մասնագիտություն են մտել եղանակի չփոփոխվող տեսությամբ:

Վայ բարերարներին, որոնք տալու բերկրանքի իրենց եղջյուրների մեջ կուտակել են  դատարկելու զնգոցը:

Վայ նվաստացածներին, որոնք կարծում են, թե նվաստանալը սահման ունի:

Վայ նրանց, որոնք հայհոյում են: Ես դեռ չգիտեմ մի հայհոյողի, որն ուրիշին է հայհոյել:

Վայ նրանց, որոնք չեն սիրում, քանզի նրանց առաքինությունները կանգնում են կոկորդին:

Վայ սիրահարներին, որոնց հոգում միմյանց կորցնելու տագնապ կա: Նրանց սերը դրված է մահվան ռեժիմի վրա:

Վայ քաղքենիներին, քանզի նրանք սիրում եւ ատում են հոսանքի թելադրանքով:

Վայ հուսահատվածներին, քանզի նրանք դեռ անհուսության առաջին կումն էլ չեն խմել:

Վայ նրանց, որոնք տիրում են սանդուղքների վրա:  Նրանք մարդու վերավաճառներ են: