29.08.2017 11:40

Վահանով, թե առանց նրա` կեղծիքը նույնն է

Վահանով, թե առանց նրա` կեղծիքը նույնն է

Ղարաբաղյան կարգավորման հիմնական կետերի շուրջ կարծիք է արտահայտել Ղարաբաղի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը: Մարդն ազատ է, կարող է ընդունել կամ մերժել, քննադատել միջնորդներին, իշխանություններին` նախկին, թե ներկա: Բայց կեղծելու իրավունք չունի: Բադասյանը նախագահ Տեր-Պետրոսյանին է վերագրում 1994 թ. Բիշքեկի արձանագրության ստորագրումը: Ընդ որում, դա համարում է «խայտառակ պայմանագիր»: 

Մինչդեռ իրականություն է, որ Բիշքեկի արձանագրությունը ստորագրել են պառլամենտների, այդ թվում` Ղարաբաղի Գերագույն խորհրդի, նախագահները: Դա պայմանագիր չէ, այլ` քաղաքական հայտարարություն, որ կողմերը պետք է դադարեցնեն պատերազմական գործողությունները եւ անցնեն խնդրի կարգավորման բանակցությունների:
Ղարաբաղցի նախկին պառլամենտականը օգտագործել է առիթը, որպեսզի եւս մեկ անգամ հնչեցնի, որ նախագահ Տեր-Պետրոսյանը «դեմ է եղել Շուշիի ազատագրմանը, Աղդամի ազատագրմանը, Արաքսի ափը դուրս գալուն...»: Երեւի ասածներից հաճույք է ստանում, մտնում դերի մեջ, որպեսզի փառավորի իր անունը: Այդ կեղծարարությանը նախագահ Տեր-Պետրոսյանը սպառիչ պատասխան է տվել. եթե ամեն ինչ արվել է նրա կամքին հակառակ, ապա ոչինչ չէր խանգարում, որ Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը չընդուներ նաեւ հրադադարի հաստատման առաջարկությունը, շարունակեր պատերազմը եւ Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրեր: Դա տեղի չի ունեցել: Եզրակացությունը պարզ է, մանրամասնելու կարիք չկա:
Զարմանալին այն է, որ Բադասյանը եւ նմանները, խոսելով ղարաբաղյան կարգավորման որեւէ առաջարկությունից, հարկ են համարում քննադատել ոչ թե օրվա իշխանություններին, այլ գրեթե քսան տարի առաջ նախագահի պաշտոնը թողած եւ Ղարաբաղի հարցի հաղթական լուծման ճանապարհ բացած Լեւոն Տեր-Պետրոսյանին: Եւ շատ հաճախ կամ գրեթե միշտ օգտագործում են ոչ այնքան փաստեր, որքան` իրենց իսկ ստեղծած «թափառիկ սյուժեներ», որոնք իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Երեւի այդպես հեշտ է պատասխանատվությունից խուսափել, հասարակությունից թաքցնել սեփական անլիարժեքությունը:
Բադասյանը լրագրողների թեթեւ ձեռքով դարձել է «ռազմական եւ պետական գործիչ»։ Ղարաբաղի պատերազմում նա եղել է «նախ» մի փոքրիկ ջոկատի, ապա` գումարտակի հրամանատար եւ, բնականաբար, լուծել է իր մակարդակին հարիր մարտական խնդիրներ: Հայկական զինված ուժերում մի քանի տասնյակ գումարտակի հրամանատար է կռվել, նրանցից ոչ ոք իրեն «ռազմական եւ պետական գործիչ» չի համարում, չի խոսում այնպիսի հարցերից, որոնց չէր կարող տեղյակ լինել կարգավիճակի բերումով: Վահան Բադասյանը միակն է, որ համառորեն ճգնում է դասվել Ղարաբաղի հարցը լուծողների շարքին:
Դա գովելի ցանկություն կլիներ, եթե դրսեւորվեր կոնկրետ քայլերով, նախաձեռնություններով, ոչ թե լրատվամիջոցից լրատվամիջոց շրջող «բացառիկ» հարցազրույցներով, որոնք տարիներ շարունակ կրկնվելուց այնքան են մաշվել, որ տակից երեւում է պատվիրատուն: Բայց Վահանով, թե առանց նրա` կեղծիքը նույնն է: Պատմությունը ստույգ է, ոչինչ փոխել չես կարող: Պատմությունը պետք է հանգիստ թողնել եւ մտածել այսօրվա ու վաղվա մասին: Այստեղ, երեւում է, Վահան Բադասյանն ասելիք եւ, հատկապես, անելիք չունի: Դրա համար էլ կեղծում է անցյալը: Հերոստրատի «փառքը» երեւի հալածում է նրան...

Գեւորգ Նալբանդյան