30.08.2017 12:20

Արսեն Գրիգորյան. Սպանության թամաշան

Արսեն Գրիգորյան. Սպանության թամաշան

Պետության սպանության իրավունքը ոչ մի օրենքով սահմանված չէ: Այսինքն, որեւէ տեղ գրված չէ, որ պետությունը պարտավոր է սպանել: Նույնիսկ գրված չէ, որ կարող է: Այդ սպանությունը ենթադրվում է: Ինչպե՞ս:

Օրենքն ասում է, որ նախագահը պետության անվտանգության երաշխավորն է: Ահա այս հասկացությունից էլ բխում է, որ ոստիկանն իրավունք ունի սպանելու պատանդառուին, որովհետեւ յուրաքանչյուրի խելքին կարող է փչել պատանդ վերցնել ու պետությանը ներքաշել անպտուղ ու մաշեցնող բանակցությունների մեջ: Վերջում էլ գուցե սպանի պատանդին ու անհետանա: Այսինքն, նախագահը պետության սպանության իրավունքի շոշափելի ողնաշարն է: Բոլոր սպանությունները պետությունն իրականացնում է նախագահի «միջոցով», որովհետեւ սպանել նշանակում է՝ երաշխավորել անվտանգությունը:

Բիլիարդանոցում պատանդառուի սպանությամբ երաշխավորվեց պատանդի կյանքը: «Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից», - ասում է Սահմանադրության 20-րդ հոդվածը: Այդպես է. նշանակում է՝ ինչ-որ մեկը կարող է կյանքից զրկվել անհրաժեշտաբար: Սա էվթանազիայի եւ պետության սպանության իրավունքի գաղտնի տողն է:

Կամայական հնարավոր է կյանքից զրկվել միայն ինքնասպանության ճանապարհով: Մնացած բոլոր սպանությունների համար քաղաքացին պետք է պատասխան տա: Եթե պետությունը մոտ է ինչ-որ մեկի կյանքից զրկվելու վտանգին, նա պետք է միջոցներ ձեռք առնի: Իսկ ինչպե՞ս անի դա, որպեսզի պատասխանատվության հարց չառաջանա: Ինչպե՞ս սպանի, եթե Սահմանադրության մեջ սպանելու իրավունքի մասին ոչ մի տող չկա: Նա կարող է դա անել միայն նախագահի ինստիտուտի միջոցով, որը պետության, հետեւաբար՝ քաղաքացու անվտանգության երաշխավորն է: Եթե կա վտանգ, ենթադրվում է, որ պետք է լինի վտանգը կանխող: «Մեռնեմ օրենքին» շարքից: Նշանակում է՝ նախագահդ պետք է լինի երկաթյա լեգիտիմությամբ մեկը, եթե նույնիսկ այն 50+1-ից ավելի չէ:

Այստեղից բխում է օրինաչափ հարցը՝ իսկ եթե նախագահը լեգիտիմ չէ՞: Այսինքն, եթե ընտրությունները կեղծված են, ո՞վ պետք է սպանի պատանդառուին: Պատասխանը պարադոքսալ է՝ նրան կարելի է կյանքից զրկել կամայականորեն: Էական է հասկանալ, որ «կամայականորեն» եւ «կարելի է» բառերը պետության մեջ միմյանց հետ չեն խոսում: Ոչ թե խռով են, այլ չգիտեն միմյանց: Այս բառերը պարզապես անառերեսելի են: Անօրինականության մեջ նրանց հաշտեցնում է անօրենը: Հենց նա էլ որոշում է միանձնյա՝ կրակել կամ շարունակել բանակցությունները: Եթե նախագահը լեգիտիմ չէ, Սահմանադրությունը դադարում է լինել պետության հենման կետ: Պատանդառուն դառնում է իր վարքի Սահմանադրությունը, ոստիկանությունը՝ իր վարքի: Եթե նախագահը լեգիտիմ չէ, պետությունը զրկվում է «Աստծուց», որն ամեն ինչի ողնաշարն է:

Ուրեմն, օրինակա՞ն զոհ էր երեկվա «ամերիկացի» պատանդառուն: Այո, որովհետեւ ինքը պետության՝ յուրաքանչյուրի գոյության ջանքերին հակադրում է իր կամայական վճիռը՝ կյանքից զրկել մեկին, եւ՝ ոչ, եթե պետության գոյության խաղի կանոններով նույնիսկ պատանդն իր տեղում չէր: Որովհետեւ ոչ ոք իր տեղում չէ: Լեգիտիմությունը նույնն է, ինչ ձգողականության ուժը տիեզերքում՝ սա բոլորին իր տեղն է դնում: Լեգիտիմությունը սիրո նման բան է՝ միշտ արտահայտվում է խնամքով: Լեգիտիմությունը սնուցող արյուն է նույնիսկ այնտեղ, որտեղ կա միայն թափվող արյուն: Պետական ինստիտուտների ճշգրտության մեջ մարդը չի կարող, ասենք, իր սիրո հետ հաշվեհարդար տեսնել մեր երեկվա պատանդառուի վարքով: Կամ՝ Շամիրամ գյուղի մարդասպանի վարքով: Լեգիտիմությունն այնպիսի բան է, որ կրակելիս անգամ բարձր գլխով է շարադրում օրինական բոլոր ճանապարհներով արյունահեղությունը կանխելու իր զենքերի պակասի մասին: Լեգիտիմությունը սպանության թամաշա չի սիրում: Ի վերջո ինքը կրակում է մարդու վրա: Իսկ դա տոն չէ: