02.09.2017 19:21

Արսեն Գրիգորյան. Ճահիճը

Արսեն Գրիգորյան. Ճահիճը

Իշխանությունը հավանաբար լավ է գիտակցում, որ Հայաստանը ճահիճ է: Ճահճում ոչինչ տեղի չի ունենում: Իշխանության տեխնոլոգներն ակնհայտորեն ուզում են, որ ինչ-որ բան տեղի ունենա: Հրդեհները, ռումբի մասին տեղեկությունները, «Նաիրիտը» էդ շարքից են:

Այս մարդկանց «բախտից» մարդիկ ինքնասպան են լինում, ինչ-որ մի կին խեղդվում է գետում: Այսինքն, շարժ կա: Էդ շարժի ներքին բովանդակությունը ոչ մեկին հետաքրքիր չէ, ինչպես ճահճի տարողությունը չի հետաքրքրում: Էս շարժի ամենաարտաքին «աջակիցը» տարվա եղանակներն են, Հայաստանում դեռեւս գարունը գարուն է, ամառը՝ ամառ, աշունը՝ աշուն եւ ձմեռը՝ ձմեռ: Այսինքն, տարվա եղանակները գոնե ճահճացած չեն: Այս ամառը սակայն մի փոքր խորացավ աշնան մեջ եւ արդեն մի քիչ ճահճացրել է աշունը: Ճահճի «աշխուժությանը» գումարվում է նաեւ լրատվամիջոցների բզբզոցը, թե մյուս տարի ով է դառնալու Հայաստանի վարչապետ: Ճահճի կենսունակության համար պետք են անշառ թեմաներ: Որպեսզի թալանը, թանկացումները եւ անպատժելիությունը մոռացվի: Ճահճի անհրաժեշտ բառապաշարի մաս են դարձել «սրանց դեմ խաղ չկա» կամ «ով՝ էշ, մենք՝ փալան» դարձվածքները: Ճահճի համար կա  նաեւ «ստատուս քվոն» որպես հասկացություն: Ճահճի խորհրդանիշն այսօր երկուսն են՝ Հրանուշ Հակոբյանը եւ Սերժ Սարգսյանը: Թվում է, թե այդ ճահիճը սկսեց շնչել կառավարության փոփոխությամբ, սակայն ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանն անդամագրվեց ՀՀԿ-ին, թուլացավ եւ սկսեց հաճույք ստանալ իշխանության երրորդ դեմքը լինելուց:

Ճահճի անխաթարության համար կարեւոր ատրիբուտներ են խոսքի ազատության սահմանափակումները, մրցակցության բացակայությունը, դպրոցների ուզուրպացումը ՀՀԿ-ական կանանցով, անպաշտպան մարդը եւ միշտ նույն դեմքերն իշխանության մեջ: Սակայն ճահճի մի ատրիբուտ կա, որը նրա բնույթի հետ արտաքուստ չի խոսում՝ արտագաղթը: Ճահճից ոչինչ դուրս չի պրծնում, միայն՝ գորտերը, որոնք սակայն ոչ թե ուրանում են ճահիճը, այլ իրենց բնությամբ մաքուր օդ էլ պիտի շնչեն՝ մինչեւ կվերադառնան այնտեղ: Գորտերը ճահիճ են նետվում նաեւ վտանգի զգացողության դեպքում: Այսինքն, ճահիճը նրանց անվտանգության միջավայրն է: Ոչ ոք այնտեղ չի մտնի գորտ բռնելու համար, քանի որ կա վտանգ, որ ճահիճը «կուտի» նրան: Արտագաղթը մի քիչ այլ բան է՝ այն ոչնչով չի խաթարում ճահիճը, սակայն այն հենց անվտանգության միջավայրի ընտրությունն է՝ ի հեճուկս ճահճի: Այսինքն, արտագաղթը նույն ճահճային ատրիբուտն է այն տարբերությամբ, որ մարդը պարզապես դադարում է լինել ճահճի մաս, բայց իր բացակայությամբ ինքը չի չեզոքացնում այն, ինչպես այնտեղ գտնվելով ոչինչ չի անում: Մարդիկ կան, իհարկե, ովքեր ճահճից պրծնելով այն տանում են իրենց հետ:

Սակայն ճահճի իրական սպառողը քաղքենին է: Իսկ քաղքենուն ստանալը հեշտ չէ: Քաղքենին տոտալիտար հասկացություն է: Քաղքենին ոչ թե սիրում է ճահիճը, այլ նա ճահճի մարդ է: Ճահիճը կայունություն է, իսկ քաղքենին կայունության սպառողը: Ճահիճը չի սիրում է, երբ իր ներսում միտք կա: Միտքը միշտ նոր աստիճան է, իսկ ճահիճը երբեք չի տատանվում: Միտքն առանց անհարմարավետության զգացման չկա, մտքի մարդն անհարմարավետությունից ճահիճ չի ստանա: Ճահիճը ստեղծում է քաղքենին: Կամ քաղքենին այնտեղ է, որտեղ ճահիճն է: Հայ քաղքենին ՀՀԿ-ական իշխանության գլխավոր աջակիցն է, նա ամենաաղքատից մինչեւ հարուստը ստանում է նույն մարդը, նույն մտածողությունը: Քաղքենին Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի գլխավոր հենարանն է: Ճահճի անխաթարությունը հայ քաղքենուն տալիս է ամեն ինչ՝ խաղաղության զգացումից մինչեւ հարմարավետության զգացում: Ահա ինչու, ՀՀԿ-ն ժամանակ առ ժամանակ խոսում է խաղաղությունից կամ ուսուցչի աշխատավարձից՝ իմանալով, որ ոչ մեկն է լինելու, ոչ էլ մյուսը: Այլապես դրանցից յուրաքանչյուրի իրական դառնալու դեպքում ինքը չի լինի: