05.09.2017 12:04

Հրդեհ Բյուրականի մերձակայքում

ԱԻՆ-ը փոխանցում է, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար: Ժամը 06:20-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռով իրականացվեց օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվեցին հրդեհի օջախների վայրերը և դրանց զարգացման ուղիները:

Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր իջեցվեցին փրկարար-դեսանտայիններ, որոնց առջև խնդիր է դրված տեղայնացնել և մարել հրդեհի օջախները: Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Երեկ ժամը 17:00-ի դրությամբ հրդեհի վայրում առկա էր հրդեհի 3 օջախ: Ժամը 22:30-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չկային. կային պասիվ ծխացող օջախներ: Այրված մակերեսը կազմում էր 80 հա: