06.09.2017 02:07

«Նաիրիտը» նորից «տունը մնաց». Կառավարությունը 10 ամիս անց է «պարզել», որ ուզողն արժանի չէ

«Նաիրիտը» նորից «տունը մնաց». Կառավարությունը 10 ամիս անց է «պարզել», որ ուզողն արժանի չէ

Եվրոպայում բնակվող Աշոտ Գրիգորյանը, որը հանրությանն ավելի հայտնի է հակաիշխանական սուր հռետորաբանությամբ, պնդում է, որ կառավարությունը անպատասխանատու վերաբերմունք է դրսեւորում՝ փաստացի մերժելով շուրջ 100 միլիոն դոլարի ներդրման հեռանկարը եւ «Նաիրիտի» վերածնունդը: Կառավարությունն իր հերթին ակնարկում է, որ Գրիգորյանի ստեղծած ընկերությունը, որը հավակնում է ձեռք բերել «Նաիրիտը» լուրջ ընկերություն չէ:

 

EU-ASIA Business Finance Center հոլդինգի ղեկավար,  «Եվրոպայի հայկական միությունների ֆորումի» նախագահ, Սլովակիայում բնակվող Աշոտ Գրիգորյանը պարզաբանում է հրապարակել «Նաիրիտ» գործարանի առուվաճառքի վերաբերյալ օրերս «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանի հարցազրույցի վերաբերյալ: Օգոստոսի 31-ին հրապարակված հարցազրույցում Ջիլավյանը անիրատեսական էր համարել հոլդինգի հետ «Նաիրիտի» առքուվաճառքի վերաբերյալ հետագա բանակցությունները՝ նշելով, որ հոլդինգի ներկայացրած տվյալները վստահություն չեն ներշնչում:

«Փաստաթղթերի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ …Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարության բիզնես ռեգիստրի պաշտոնական կայքի համաձայն՝ ՍEU-ASIA Business Finance Center s.r.o. v skratke EU-ASIA BFC s.r.o. կազմակերպության հիմնադիրներ են հանդիսանում Energy consult s.r.o. և Euro law & marketing s.r.o. յուրաքանչյուրը 2500 EUR ներդրման գումարով, որոնց հանրագումարը կազմել է կազմակերպության կանոնադրական կապիտալը: Սլովակիայի Հանրապետության ֆինանսական վիճակագրության պաշտոնական կայքի համաձայն՝ ՍEU-ASIA Business Finance Center s.r.o. v skratke EU-ASIA BFC s.r.o. կազմակերպությունը 2016 թվականի արդյունքներով ունեցել է 404 եվրո վնասներ, 4,596 եվրո սեփական կապիտալ* և 32,096 եվրո ակտիվներ: Հիմնադիր հանդիսացող կազմակերպությունների վերաբերյալ որևէ լրացուցիչ փաստաթղթեր, այդ թվում՝ նրանց ակտիվների կամ ֆիանանսական ներդրումներ կատարելու կարողությունների վերաբերյալ տեղեկություններ, ներկայացված չեն», - ասել է կառավարչության ներկայացուցիչը: Բացի դրանից, ըստ Ջիլավյանի, EU-ASIA Business Finance Center հոլդինգը Սլովակիայում գրանցված է այլ անունով եւ այլ հասցեում, քան հոլդինգի անդամները ներկայացրել են ՀՀ վարչապետին:

Արձագանքելով այս պնդմանը՝ EU-ASIA Business Finance Center հոլդինգի ղեկավար Գրիգորյանը նշում է, որ հոլդինգն ունի մի քանի հասցե, իսկ կանոնադրական կապիտալը, այո, մոտ 5000 եվրո է՝ ճիշտ այնքան, որքան պահանջում է Սլովակիայի օրենսդրությունը:

Նկատենք, որ Վահե Ջիլավյանը խոսում է ընկերության սեփական կապիտալի մասին, իսկ իր պարզաբանման մեջ Աշոտ Գրիգորյանը խոսում է կանոնադրական կապիտալի մասին: Մինչդեռ դրանք տարբեր բաներ են. ըստ ՀՀ օրենսդրության, սեփական կապիտալը ընկերության ակտիվներն են՝ հանած պարտավորությունները: Իսկ կանոնադրական կապիտալն ընկերության հիմնադրման պահին հաստատագրված գումարն է, որը, ինչպես ճշմարտացիորեն նկատում է Գրիգորյանը, կարող է չնչին լինել ընկերության շրջանառու միջոցների հետ համեմատ: Գրիգորյանն, ի դեպ, պարզաբանման մեջ նշում է, որ իր ղեկավարած ընկերության շրջանառու միջոցները հարյուրավոր միլիոն եվրոյի է հասնում, սակայն որեւէ փաստաթուղթ չի մեջբերում՝ որեւէ կասկած բացառելու համար:

Ինչեւէ, Աշոտ Գրիգորյանի կարծիքով, ՀՀ կառավարությունը հենց սկզբից որոշել էր վիժեցնել «Նաիրիտ»-ի վերագործարկման գաղափարը, բայց ընտրել էր շատ տարօրինակ ուղի՝ ստիպելով հավատալ ՀՀ-ում իր ներդրումային «հիանալի մթնոլորտ» ստեղծած հեքիաթին», - ափոփելով, գրում է Գրիգորյանը:

Հարկ է նշել, որ EU-ASIA Business Finance Center-ի եւ կառավարության՝ «Նաիրիտի» ձեռքբերման շուրջ ակտիվ քնարկումներն սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին, երբ այն ժամանակ դեռ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ընդունեց հոլդինգի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը, որին ուղեկցում էր Սլովակիայի ֆինանսների նախարարի առաջն տեղակալը: Թեեւ այդ նույն օրը կառավարության կայքի տարածած հաղորդագրության մեջ «Նաիրիտի» մասին խոսք չկա, բայց արդեն հաջորդ օրը՝ «Սպուտնիկ-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում  Աշոտ Գրիգորյանը անթաքույց թերահավատությամբ է խոսում կառավարության՝ «Նաիրիտը» վերագործարկելու կամքի մասին:  «Եթե մենք սկսեցինք աշխատեցնել, հետո հարց է բարձրանալու` բա ի՞նչ արեցիք այս տարիների ընթացքում։ Եթե գողությունը կատարված չլիներ, այսօր կառավարությունը առավոտից երեկո ցույց էր տալու մեր այցն ու ասելու էր` ներդրողներ կան և ուզում են վերականգնել։ Մենք սկսելու ենք ացետիլենային արտադրության վերականգնումը, երկրորդ քայլը կաուչուկի արտադրության վրա հսկայական գումարներ ներդելն է»,-ասել է եվրոպաբնակ գործիչը։

Հետագա հրապարակումներից իմանում ենք, որ ընկերությունը հայտարարել էր  «Նաիրիտում» ավելի քան 100 մլն դոլար ներդրում անելու մտադրության մասին, սակայն կառավարության դիմաց պայման էր դրել, որ պետք է ստանա արտադրական հսկային խորհրդանշական 1 դրամով:  

Հենց սկզբնական փուլից սկսած EU-ASIA Business Finance Center-ի հետ համագործակցության եւ ընդհանրապես, «Նաիրիտի» վերագործարկման հեռանկարների հարցում թերահավատության նշաններ էր ցույց տալիս նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը: Արդեն հոկտեմբեի 20-ին մի քանի լրագրողների հետ հարցազրույցում Կարապետյանը ասաց (22:50-ից), որ կառավարությունը դեռ «Նաիրիտը» վերագործարկելու վերաբերյալ առարկայական առաջարկ չի ստացել: «Բայց եթե ստանա, կքննարկի միայն այն առաջարկը, որտեղ հաշվի առնված կլինեն առաջիկա 10 տարվա էներգակիրների գների կանխատեսումները, քանի որ առանց այդ ցուցանիշի խոսել գործարանի վերագործարկման մասին, ըստ վարչապետի, անլուրջ է», - նշեց վարչապետը:

Այնուհանդերձ, սրանից հետո էլ կառավարությունը շարունակել է շփումները Սլովակիայում գրանցված ընկերության հետ «Նաիրիտի» հարցով՝ ընդհուպ մինչեւ այս տարվա օգոստոսի 8-ը,  երբ հոլդինգի ներկայացուցիչները «բավական արդյունավետ» հանդիպում են ունեցել կառավարության անդամների հետ, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ EU-ASIA Business Finance Center-ը աուդիտ կանցկացնի «Նաիրիտում»:

Արդեն օգոստոսի 31-ին կառավարությունն իր աշխատակազմի ղեկավարի տեղակալի բերանով հայտարարում է, որ ընկերության հետ հետագա համագործակցությունը փաստորեն հնարավոր չէ՝ հոլդինգը վստահություն չի ներշնչում: Հարց է առաջանում՝ արդյո՞ք գործընկերության հայտ ներկայացրած կազմակերպության մասին տվյալներ հավաքելն այդքան դժվար գործ էր, որ կառավարությունը միայն 10 ամիս անց կարողացավ պարզել, որ Սլովակիայում գրանցված ընկերությունը վստահելի գործընկեր չի կարող լինել: Մյուս կողմից, ինչո՞ւ եվրոպական սփյուռքում ավելի շատ հասարակական ակտիվ գործունեությամբ հայտնի Աշոտ Գրիգորյանն իր պարզաբանումներում ավելի հստակ տեղեկատվություն չի ներկայացնում իր ղեկավարած ընկերության ֆինանսական միջոցների մասին:

Հ.Գ. Ուշագրավ զուգադիպությամբ, կառավարությունը  EU-ASIA Business Finance Centerի հետ համագործակցությունից հրաժարվելու մասին հայտարարեց -«Նաիրիտում» բավական խոշոր հրդեհից մեկ օր անց: 


«Նաիրիտ» գործարանը վերջնականապես անգործ է 2010 թվականից ի վեր, ձեռնարկությունը շուրջ  100 միլիոն դոլարի պարտք ունի: 2016-ի նոյեմբերի վերջին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանը սանկ է ճանաչել «Նաիրիտը» «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայի հիման վրա: 

Հ.Կ.