06.09.2017 15:42

Երբ իշխանությունները հիշում են հանրությանը

Երբ իշխանությունները հիշում են հանրությանը

Երեւանի քաղաքապետարանում մայրաքաղաքի փողոցների վերանվանման վերաբերյալ ընթացող քննարկումներում մի ուշագրավ եւ նույնիսկ ապշեցուցիչ հանգամանք է ի հայտ եկել: Հարցն այն չէ, թե արդյո՞ք տնտեսական ու քաղաքական ծանրագույն պայմաններում գտնվող երկրի համար որքան արդիական է մնացած հրատապ հարցերը թողած՝ քննարկել փողոցների անունները փոխելու հարցը: Հարցն այլ տեղ է՝ իշխանությունների, իսկ ավելի կոնկրետ՝ հանրապետականների արձագանքում:

Վերջիններս, ինչպես գիտենք, բացասական արձագանք են տվել այդ գաղափարին եւ մերժել են այն համապատասխան հանձնաժողովում քվեարկության ժամանակ: Ընդ որում, էականն այն է, թե ինչ հիմնավորմամբ են մերժել: Իսկ մերժել են այն հիմնավորմամբ, թե դա այնպիսի հարց է, որի վերաբերյալ, ուշադրություն, «հանրային լայն քննարկումներ են պետք», ու քանի որ հանրության կարծիքն այս հարցով հայտնի չէ, ապա պետք չէ շտապել ու անվանափոխել փողոցները: Այսինքն, իշխանություններն այս հարցում մատնացույց են անում հանրությանն ու հայտարարում, թե կարեւորը հանրության մեծամասնության կարծիքն է, հանրության կարծիքը, Կառլ: Ու այս խոսքերի հեղինակները իշխանություններն են: Այո:

Անխոս, եթե վերանանք այն հանգամանքից, թե ովքեր են հնչեցնում այս տեսակետը, ապա ակնհայտ է, որ այս պնդումներն ինքնին ճշմարտացի են եւ աներկբա:

Բայց հարցն էլ այն է, որ այս դեպքում կարեւորը ոչ այնքան խոսքերն են, այլ՝ թե ովքեր են դրանք հնչեցնում:

Որովհետեւ տրամաբանությունը հուշում է, որ նման խոսքեր հնչեցնողները պետք է որ բոլոր հարցերում մշտապես կարեւորեն հանրության կարծիքը: Սակայն մինչ այժմ մենք միայն հակառակն ենք տեսել. բոլոր կարեւոր հարցերում որոշումներ կայացնելիս իշխանությունները ոչ միայն անտեսել են հանրության կարծիքը, այլեւ բռնի ուժով փորձել են ճնշել այդ կարծիքը: Հարյուրավոր որոշումներ ու օրենքներ են ընդունվել ի հեճուկս հանրության կարծիքի եւ դեմ լինելու. գազի գին, Հայռուսգազարդի վաճառք, հոսանքի թանկացում, ընտրությունների կեղծում, կենսաթոշակային նոր համակարգ, ԵԱՏՄ անդամակցում, այս կամ այն պաշտոնում այս կամ այն մարդկանց նշանակում, հանցագործությունների չբացահայտում, բռնություններ: Ինչպես ասում են՝ էլ ո՞րն ասենք, էլ որը:

Սակայն հանրության կարծիքը մշտապես անտեսվել է, քանի որ իշխանություններին այդպես է պետք եղել, եւ վերջ:

Իսկ հիմա, երբ իշխանությունը մի բան չի ցանկանում անել, հանկարծ ու հիշում է հանրության մասին եւ այլ պատճառաբանություն չգտնելով՝ հանրությանն է մատնացույց անում:

Ինչպես ասում են՝ մենք էլ հավատացինք:

Իշխան Պողոսյան