06.09.2017 15:46

Արսեն Գրիգորյան. Իզգոյի կրկեսը

Արսեն Գրիգորյան. Իզգոյի կրկեսը

Արմեն Աշոտյանը ԵԺԿ-ին պետք է ահազանգի, որ Իլհամ Ալիեւի ընտանիքը միլիարդավոր դոլարներ է ծախսել եվրոպացի քաղաքական գործիչների վրա հակահայկական գործողությունների համար: Հուզիչ է: Ալիեւը հիմա իրեն պատեպատ է տալիս, թե ոնց փակի Աշոտյանի բերանը: Մեր փորձից ասում ենք՝ մի բառը հերիք է: Եվ էդ բառն, ի դեպ, թուրքերեն է:

ԵԺԿ-ն երեւի զարմանա ու չհավատա ականջներին: ԵԺԿ-ում երեւի սրբեր են նստած, որոնք երկնքից են իջնում հենց իրենց համաժողովի օրերին: ԵԺԿ-ում երեւի չկա մեկը, որը հավելյալ փողի կարիք չունի:

Ի գիտություն Աշոտյանի՝ ԵԺԿ-ում ամեն ինչ գիտեն: Ինքը, ավելի լավ է, թող լռի Ալիեւի փողերի մասին, դրանք շարունակելու են հոսել եվրոպացի քաղաքական գործիչների եւ լոբբիստների գրպանը: Դրանք հենց լոբբիզմի համար նախատեսված փողեր են՝ դրանց կոռուպցիոն բնույթը բացահայտելը լրագրողների գործն է, բայց նրանք չեն կարող փոխել էդ փողերի բնույթը: Ադրբեջանը «բաշխում» է այն, ինչ ունի: Դու՝ Աշոտյանդ, դրա դիմաց Եվրոպային կարող էիր առաջարկել քո բյուրեղյա քաղաքական համակարգը:

ԵԺԿ-ի ի՞նչ գործն է Ալիեւի կոռումպացվածությունը: Ալիեւը դա անում է հանուն իրեն, գուցե հանուն իր ժողովրդի: Նրան Ղարաբա՞ղ է պետք՝ նա փող է թափում, գրավյալ տարածքնե՞ր է պետք՝ փող է թափում: Նավթ ունի մարդը, կարիք կա՞ սա ասելու: Աշոտյան, դուք ձեր ամբողջ ՀՀԿ-ով ի՞նչ ունեք առաջարկելու Եվրոպային: Դուք նույնիսկ Եվրոպային արժանապատվորեն չմերժեցիք ԵՄ արեւելյան գործընկերության համաձայնագիրը, մարդիկ անակնկալի եկան: Բայց հասկացան մեզ: Իրենք հասկացան, որ այսուհետեւ մենք համաքայլ ենք Թուրքմենիային, Զիմբաբվեին, Հյուսիսային Կորեային, Տաջիկստանին: Սա է մեր քաղաքական ընտրությունը: Ադրբեջանինն ավելի լավը չէ: Բայց նրանք եվրոպացիներին կարողանում են առաջարկներ անել, որոնք մերժելն ավելի ծանր գայթակղություն է, քան՝ ընդունելը:

Արմեն Աշոտյանի փոխարեն ԵԺԿ-ում ես կլռեի Ալիեւի փողերի մասին: Եվ, ընդհանրապես, ՀՀԿ-ի փոխարեն ես կլռեի: Եթե նրանց հրավիրում են, հաստատ ո՛չ իզգոյին ինտեգրացնելու համար: Իզգոյը վերջնական կարգավիճակ է, ոչ թե նախնական, իզգոյը ավարտուն կերպար է: Եթե մարդն իզգոյ է, նշանակում է՝ նրա «7-ն ու քառսունքը» մեկտեղ է արվել: Հետադարձ ճանապարհ չկա: ԵԺԿ-ն կրկեսին դեմ չէ: Աշոտյանը իզգոյի կրկեսն է ներկայացնում: Հայաստանում այդ կրկեսը քանի՞ անգամ է պայքարել կոռուպցիայի դեմ, եվրոպացիները մի քանի միլիարդ դոլար են հայտնաբերել իրենց բանկերում էդ պայքարից: Իսպանիայում տներ ու գործարաններ են գտել էդ պայքարից: Նշանակում է՝ Աշոտյանը կրկես է: Իսկ քաղաքական կրկեսում ծաղրածու լինելու միակ տարբերակը անիմաստ խոսքն է:

Իզգոյի շատախոսությունը նույնիսկ պարծենկոտության չի ձգում: Իզգոյը միայն մեղավորներ ունի, ինքն իր վրա կենտրոնանալու ռեսուրս եւ երեւակայություն չունի, նրա բերանում բոլոր բառերն ավելորդ են: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչու է նա ասում այն, ինչ ասում է: Իզգոյն ինքն իրեն չի կշռում, չի կարող ասել՝ ես 68 կգ եմ, բոյս 1,70 սմ է: Իզգոյը ոչինչ չի չափում եւ կտրում: Որովհետեւ հայելիներ չունի: Որովհետեւ ներաշխարհ չունի: Ինչպես Ռոբերտո Մուգաբեն: Կամ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որը իզգոյի կրկեսի խորհրդանիշն է: