07.09.2017 10:17

Վահան Թումանյան. Խաղաղության հույսը եւ պատերազմի դեմքը

Վահան Թումանյան. Խաղաղության հույսը եւ պատերազմի դեմքը

Ղարաբաղի անկախության տոնին ընդառաջ դարձյալ զոհ ունեցանք: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասում է՝ եթե զոհերից վախենանք (եթե մարդավարի ցավենք ամեն մի կորստի համար), ապա «Երեւանն էլ պիտի հանձնենք»: Անբնական տրամաբանություն է: Զոհերից պետք է վախենալ, եւ յուրաքանչյուր զինվորի կորուստ՝ ցավ է: Ոչ միայն նրա համար, որ մենք «փոքր ածու ենք», մարդկային քիչ ռեսուրսներ ունենք, այլեւ՝ որ կարելի է եւ պետք է խուսափել մի իրավիճակից, երբ խաղաղությունը միայն հույս է, իսկ պատերազմը՝ դաժան իրողություն, իսկ մենք գնալով ավելի ու ավելի ենք տրվում «հավերժական պայքարի» եւ «անվերջ կռվի» աշխարհայեցողությանը:

Մեկ անգամ ասվել է, որ մենք «բազմաչարչար ժողովուրդ ենք», եւ դա դարձել է խարան: Մենք այդ ստերեոտիպի գերին ենք մնում: Եւ ասես ամեն ինչ անում ենք, որպեսզի իրոք հայտնվենք անելանելի կացության մեջ: Ապագայի լույսը մեզ համար չէ, մենք ենթարկվում ենք պատմական անցյալի խավարին, ավերումներին, գաղթականությանը եւ հայրենազրկմանը: Չվախենալ այսօրվա զոհերից (չփորձել հաղթահարել զոհաբերության անխուսափելիության ստերեոտիպը)՝ մի բան է նշանակում միայն. հոգեբանորեն նախապատրաստվել մահտարաժամի, կործանումների եւ ավերումների: Այդ ժամանակ, իրոք, Երեւանը հանձնել-չհանձնելու խնդիր կունենանք: Այսօր չունենք, խնդիրը նենգափոխելու հարկ չկա, եթե դա անգամ հանուն քաղաքական ինքնահաստատման է արվում:

Կա պատերազմի եւ խաղաղության միջեւ հանուն երկրորդի ընտրության հնարավորություն: Մեր ուժն այն է, որ պատերազմը կամ խաղաղությունը ոչ թե մեզ պարտադրում է երրորդ կամ չորրորդ ուժը, այլ Ղարաբաղի պատերազմում հասել ենք նրան, որ ունենք ինքներս որոշելու իրավունք: Պատերազմի դեմքը մեզ քաջածանոթ է, մենք նրանից չենք վախենում՝ երբ խոսում ենք խաղաղության մասին: Ընդհակառակը, գնալ խաղաղության՝ նշանակում է վերջնականապես հաղթել պատերազմում՝ կանխելով պատերազմը, չհեղելով ավելի շատ արյուն, քան օբյեկտիվորեն անհրաժեշտ էր Ղարաբաղը պահելու եւ անվտանգության գոտի ու Հայաստանի հետ ցամաքային սահման ապահովելու համար: Ժամանակի հրամայականը դա է՝ նվազագույն կորուստներով հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, կոմունիկացիաների բացմանը, տնտեսական մեկուսացման հաղթահարմանը:

Աշխարհը հղի է գլոբալ պայմանավորվածություններով: Դրանց իրականացումը միայն ժամանակի հարց է: Մեծ փորձությունները վերջիվերջո բերում են համեմատաբար տեւական կայունության: Այս իրավիճակում արկածախնդրություն կլիներ այս կամ այն ճամբարի միջեւ խուսանավումը եւ անառարկայական հույսը, որ «ուժեղների հակասություններից թույլը կարող է շահել»: Հարյուր տարի առաջ մենք չկարողացանք զգալ աշխարհաքաղաքական փոփոխությունը եւ շատ բան տանուլ տվեցինք: Այսօր անհամեմատ հասուն ենք եւ սխալվելու իրավունք չունենք: Բայց եւ չենք կարող չվախենալ յուրաքանչյուր զոհի համար, որովհետեւ շփման գծում, հայ-ադրբեջանական սահմանին ամեն մի կրակոց հեռացնում է խաղաղության հույսը եւ մոտեցնում պատերազմի անմարդկային դեմքը: Երեւանը հանձնել-չհանձնելու խնդիր չկա: Բայց պատերազմի երկարաձգվող ժամանակը մեզ սկսել է հաշտեցնել ամենասյուրռեալիստական սյուժեների գոյության իրավունքի հետ: Դրանից է նաեւ տեւում արտագաղթը՝ պատերազմին հետապնդող ուրվականը: Այդ միստերիային հարկ է վերջ դնել, ոչ թե անվերջ փայփայել՝ մարդկանց վերջնականապես անհաշտեցնելով երկրի հետ: