07.09.2017 18:04

Լիզա Ճաղարյան. Քեզ դեռ չե՞ն զննել

Լիզա Ճաղարյան. Քեզ դեռ չե՞ն զննել

«Եթե չզննեն, պատկերացնու՞մ եք՝ մեկը մի նռնակ անցկացնի ու տա այդ մարդկանց, և դա նրանք օգտագործեն»: Սա ասել է Փաստաբանների պալատի ոչ անհայտ նախագահ Արա Զոհրաբյանը («Առավոտ»)՝ իր գործընկեր փաստաբաններին դատարանի դահլիճ մտնելուց առաջ «զննող» ոստիկաններին ի պաշտպանություն։

Բայց ճիշտ է ասել, գիտե՞ք։ Եվ իրոք. ամե՛ն ինչ հնարավոր է։ Հնարավոր է նույնիսկ, որ փաստաբաններից մեկնումեկի մտքով անցնի՝ ատոմային ռումբ անցկացնել եւ տալ այդ մարդկանց, որ դա՛ նրանք օգտագործեն (մանավանդ որ պարզվել է՝ դրանի՛ց էլ ունենք. Բագրատյանի ականջը կանչի)։

Եվ ընդհանրապես՝ ինչու՞ են միայն փաստաբաններին «զննում», էս ի՞նչ ջոկողություն է։

Ես պահանջում եմ զննել բոլորին։ Հանուն Հայաստանի Հանրապետության։ Պահանջում եմ, որ բոլո՛րը զննեն բոլորի՛ն։ Օրինակ՝ հնարավոր է, չէ՞, որ ես առավոտյան թարս ոտքիս վրա վեր կենամ ու տնից դուրս գամ... զինված։ Դե, նռնակ չունեմ, ատոմային ռումբ՝ նույնպես, բայց ունեմ դանակ, մկրատ, քորոց, «ասեղ, հուլունք, մատնիք, մարջան, ապարանջան», պոլի փետ եւ վերջապես՝ աղացած չիլի բիբար, որը կարող եմ առանձնակի դաժանությամբ ցփնել ՀՀ ատելի իշխանության որեւէ ներկայացուցչի քիթ-մռութին։

Ուրեմն, երբ ես բնակարանիս դուռը բացեմ, ինձ պետք է դիմավորի որեւէ «զննիչ» եւ անմիջապես զինաթափի ինձ։ Բայց հնարավոր է, չէ՞, որ էս զննիչն էլ փիս-փիս մտադրություններ ունենա առաջադեմ մարդկության եւ հատկապես հազարամյա Նաիրիի քաղաքացիների նկատմամբ։ Իհարկե՝ հնարավոր է. մի տնից չենք, մի հալի ենք։ Դուք կարծում եք՝ էդ զննիչի մանկության կապույտ երազա՞նքն է եղել իմ բնակարանի դռանը պահակ կանգնելը եւ ինձ զինաթափելը։ Այնպես որ՝ մի օր կարող է նրա համբերության բաժակն էլ լցվել։ Ուրեմն, փոխադարձաբար ես է՛լ պետք է զննեմ իրեն։

Հետո, ասենք, զննելուց ու զննվելուց հետո ես գնում եմ հաց գնելու։ Այնտեղ՝ հենց դռան մոտ պետք է սպասի ինձ խանութազննիչը։ Այստեղ էլ մենք իրար փոխադարձաբար կզննենք, հետո ես կմտնեմ խանութ, կզննեմ հացավաճառին, ինքն էլ կզննի ինձ, որովհետեւ, հասկանալի է՝ հիմա ո՞վ է ում վստահում, որ խանութի վաճառողը վստահի դռան շեմին կանգնած զննիչին (չի բացառվում, չէ՞, որ ես կաշառեմ նրան ու չիլի բիբարով զինված մտնեմ խանութ)։ Եթե այս բոլոր զննումները բարեհաջող են ավարտվում, ես ու վաճառողը միացյալ ուժերով զննում ենք իմ գնած հացը՝ պռճոկում ենք բոլոր կողմերից, որ տեսնենք՝ հո հացթուխը չարակամորեն մեջը մախաթ չի՞ դրել։ Հետո վնասազերծված հացակույտը միացյալ ջանքերով լցնում ենք տոպրակը, սիրուն չի, բայց մոտակա ապագան մշուշոտ չէ. հացի մեջ մախաթ չկա, կարելի է հանգիստ լմլմացնել։

Եվ առհասարակ, ասենք թե՝ դուք (ով ուզում է՝ թող իր վրա վերցնի) գնում եք ռեստորան կամ բար, կամ հա լա՛վ՝ փաբ (թող ձեր ասածը լինի), մի լավ զննվելուց հետո պարտավոր եք, չէ՞, դու՛ք էլ մանրամասն զննել արդեն իսկ ներսում իրենց հանգիստը վայելողներին։ Դուք էլ եք ուզում վայելել ձեր հանգիստը։ Իսկ դրա համար ի՞նչ է անհրաժեշտ։ Անհրաժեշտ է վստահություն, որ այդ պատերի ներսում ոչ մեկի գրպանում նռնակ չկա, սեղանի տակ պոլի փետ չկա, աթոռի տակ էլ երկաթե շերեփ չկա։ Դե, աղացած չիլի բիբարի մասին էլ չասեմ։

Էսպես կամաց-կամաց, իրար զննելով ու զննվելով (մի բուռ ազգ ենք, բա չիմանա՞նք՝ ում գրպանում կամ պայուսակում ինչ կա, գլխում էլ՝ ինչ դավադրություն) իջնում ենք Աբովյանով, թեքվում ձախ, հասնում Կառավարության շենք։ Հերթական նիստն է սկսվելու։ Բայց մինչ այդ սպասվում է մեծ լվացք... ներեցեք, մեծ զննոցի։ Ոստիկանները զննում են լրագրողներին, լրագրողները՝ ոստիկաններին, թիկնապահները՝ ոստիկաններին ու լրագրողներին, լրագրողները՝ ոստիկաններին ու թիկնապահներին, նախարարները՝ լրագրողներին, լրագրողները՝ նախարարներին, կոալիցիայի անդամ հարյուրքանիամյա կուսակցության անդամ-նախարարներին՝ խորազնին, մանրակրկիտ ու համառ հետեւողականությամբ։ Կարճ ասած, ով ում բռնում է՝ զննում է, որովհետեւ, պատկերացնու՞մ եք՝ մեկը մի նռնակ հանի ու... Իրիկնադեմին զննոցին պրծնում է, բոլորը սպասում են վարչապետին, որը գալիս է նախապես նախագահական նստավայրում առանձնակի դաժանությամբ զննված եւ բոլորին զննելու աներեր հաստատակամությամբ։

Վերջը։ Մինչ վարչապետը «դրայվով» բոլորին զննում է, լուսինը մայր է մտնում, արեւն է դուրս գալիս, ու հենց արեւը դուրս է գալիս, բոլոր նախարարները քնում են եւ երազում տեսնում Հայաստանի պայծառ ապագան։

Մինչ կառավարությունը խռմփացնում է Հայաստանի պայծառ ապագայի ապահով եւ անզեն գրկում, տեսնենք, թե ով եւ ինչպես է զննում ու զննվում Բաղրամյան 26-ում։ Այստեղ էլ նույն պատկերն է՝ բոլորը զմիմեանս մի կուշտ զննել-պրծել են ու ապահովության զգացումից արբած՝ մրափել։ Արթուն է միայն ՀՀԿ կուսակցության ղեկավարը։ Ոչ ոք չի համարձակվել նրան զննել։ Այսպես չզննված սպասում է։ Սպասում է, թե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ինչ որոշում կկայացնեն՝ զննում են միասի՞ն, թե ՞ առանձին-առանձին։ Թե՞ այդ գործը հանձն է առնում միմիայն դարավոր բարեկամը։

Պատկերացնու՞մ եք՝ զննեն-զննեն ու մեկ էլ՝ գնդացիր հայտնաբերեն գրպանում։ Դե արի ու պարզիր՝ ԱՄՆ-ին է նշան բռնե՞լ, թե՞ Ռուսաստանին։

Պատկերացրի՞ք, թե ինչու է անհրաժեշտ զննել փաստաբաններին։ Հատկապես այն փաստաբաններին, որոնք հիացած չեն Արա Զոհրաբյանի վսեմ կերպարով, Փաստաբանական պալատի անխոցելի գործունեությամբ եւ Հայաստանի դատական համակարգի անաչառությամբ։

Եթե չպատկերացրիք, պատրաստվեք զննվել։ Դուք շատ կասկածելի եք, ձեր գրպանում այս պահին ամենաքիչը աղացած չիլի բիբար կա։