08.09.2017 11:44

ՀՔԾ-ն կարճեց ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը

ՀՔԾ-ն կարճեց ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը

«Ազատություն» ռադիոկայանը փոխանցում է, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) որոշում է կայացրել կարճել ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։

Խոսքը ԱԺ ընտրություններից հետո հրապարակված այն ձայնագրության մասին է, որտեղ հստակ լսվում է, թե ինչպես է մի տղամարդ ժողովի հրավիրված անձանց սպառնալով և ծաղրելով հորդորում աշխատել «ՍԱՍ»-ի սեփականատեր, այն ժամանակ պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանի համար, նախազգուշացնելով՝ ով ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ձայն չբերի, կկորցնի աշխատանքը։

Այդ ձայնագրության հրապարակումից հետո երկու օր պահանջվեց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ այն ուղարկվի ՀՔԾ՝ հանգամանքները ստուգելու նպատակով: Եվս մի քանի օր էլ պահանջվեց ՀՔԾ-ից, որպեսզի ստուգեն հանգամանքները:

Ի վերջո, ձայնագրության հրապարակումից 6 օր անց՝ ապրիլի 19-ին քրեական գործ հարուցվեց՝ Քրեական օրենսգրքի միայն մեկ՝ 154 պրիմ երկու հոդվածի երկրորդ մասով (թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով)։