08.09.2017 13:27

Լիզա Ճաղարյան. Չենք թողնում, էլի, խեղճ պաշտոնյաները հանգիստ ապրեն

Լիզա Ճաղարյան. Չենք թողնում, էլի, խեղճ պաշտոնյաները հանգիստ ապրեն

ՀՅԴ կարկառուն ներկայացուցիչ, տարած-ետ բերած, նորից տարած-ետ բերած, վերստին տարած-ետ բերած ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն, ի պատասխան լրագրողների համառ հարցերի, թե ինչպես պատահեց, որ Հրազդանի քաղաքապետի որդին հայտնվեց նախագահական նստավայրում եւ պարգեւատրվեց ոսկե մեդալով, այսօր պատասխանել է. «Ի՞նչ անեինք, զրկեի՞նք մեդալից: Չպետք է պատանուն հալածել միայն այն պատճառով, որ նա պաշտոնյայի որդի է»: 

Վստահ եմ, այս տողերը կարդալուց հետո ընթերցողների մեծ մասն աղի-աղի արցունք թափեց հալածյալ պաշտոնյաների եւ նրանց անպաշտպան զավակների դառն ու դժվարին ճակատագրի համար։

Իսկ հիմա արցունքները մեծագույն ճիգերով մաքրենք եւ միասին վերհիշենք, թե ինչ «դժբախտ դեպք» է (այս անմեղ ու բարի բնորոշման հեղինակը նույնպես տարած-ետ բերած Լեւոն Մկրտչյանն է) պատահել երեք ամիս առաջ՝ Հրազդանում, եւ ինչու են լրագրողներն այսքան նեղսիրտ եւ չարակամ՝ տասնհինգ տարի անընդմեջ ազատ, արդար ու թափանցիկ ընտրվող եւ Հրազդանը ծաղկեցնող քաղաքապետ Արամ Դանիելյանի եւ նրա դժբախտ դեպքի զոհ, դեռ ավելին՝ արդարաբար գերազանցիկ դարձած զավակի նկատմամբ։

Երեք ամիս առաջ այս պատանին վրաերթ է արել մի քաղաքացու։ Քաղաքացին հիվանդանոցում մահացել է։ Հնարավոր է՝ իրոք դժբախտ դեպք է. ոչ մի վարորդ ապահովագրված չէ, որ այս արհավիրքը մի օր իր դռանն էլ չի չոքի։ Անկախ այն հանգամանքից՝ ինքն էր մեղավոր, թե հետիոտն հանգուցյալը։

Դժբախտ դեպքն այսքանով ավարտվում է, շարունակությունը ոչ մի չափանիշով չի տեղավորվում այս բնորոշման շրջանակի մեջ։

Պատանին վարում էր իր քաղաքապետ հայրիկի ծառայողական մեքենաներից մեկը, ինչի իրավունքը չուներ։

Պատանին անչափահաս էր, ընդամենը տասնվեց տարեկան, ինչը նշանակում է՝ վարորդական իրավունք չուներ։

Պատանին դեպքի վայրից փախել է՝ անօգնական թողնելով մահամերձ մարդուն։

Պատանին շարունակում է վայելել իր ազատությունը, իսկ նրա հայրը՝ իր հավերժության ձգտող պաշտոնը։

Երեք ամիս է անցել այս դժբախտ դեպքից հետո, եւ երկարուձիգ ամիսների ընթացքում այս պարզագույն խնդրի փորձաքննության արդյունքները չկան ու չկան։

Կյանքը շարունակում է ընթանալ իր բնականոն հունով։ Պատանու մեղքով՝ կամա թե ակամա, մարդ է մահացել, բայց մեր այս պատանին ուսումնատենչ է՝ պարզվում է։ Այս ողբերգությունն անքնության եւ ինքնախարազանման պատճառ չի դարձել նպատակասլաց պատանու համար, չի խաթարել նրա ուսման ծարավը, եւ ահա մի լուսապայծառ օր նա ժամանել է նախագահական նստավայր, արժանապատվորեն ստացել է իր ոսկե մեդալը եւ հպարտ ժպիտը դեմքին լուսանկարվել ՀՀԿ ղեկավարի ու ԿԳ նախարարի «բարձր հովանու ներքո»։

Ահա այսպիսի անմեղ պատմություն, որը փորձում են ուռճացնել պարապ մնացած լրագրողները եւ ուրիշների լավը չուզող հասարակությունը։

Կարեւորն այն է, որ իր «անխոցելի» բացատրությունները ՀՅԴ կարկառուն եւ կոալիցիոն «հին ընկերը»՝ ինչպես միշտ, լրագրողներին մատուցեց անբիծ մանչուկի դեմքի արտահայտությամբ, ամոթխած հայացքը գետնին հառած, բարության ավելցուկը պարարտ այտերին դաջած, աճող սերնդի արեւաճաճանչափայլ տեսլականն էլ գրպանում ապահով ճմռթած։

Հավատացինք, հուզվեցինք։

Մնաց՝ «Հալածյալ պաշտոնյաների եւ նրանց դժբախտ դեպքերի անմեղ զոհ զավակների պաշտպանության կոմիտե» ստեղծենք։

Ի դեպ, իսկ մեռնողն ո՞վ էր... Ընտանիք, զավակներ ունե՞ր։ Արտասվող կա՞ր նրա հետեւից... Բողոքող եղա՞վ, թե՞ հալածյալ իշխանությունը նրանց էլ «համոզեց», որ կատարվածն ընդամենը դժբախտ դեպք է։

Չարակամ հարցեր եմ տալիս։ Ուշադրություն մի դարձրեք։