09.09.2017 14:45

Առաքել Թավրիզյան. Իսկ եթե ոչ

Առաքել Թավրիզյան. Իսկ եթե ոչ

Իսկ եթե ոչ` իսրայելական հետախուզության նախկին պետը ռուս-ամերիկյան հարաբերություններում փորձաքար է տեսնում Իրանի խնդիրը: Ավելի կոնկրետ՝ նրա կարծիքով՝ լարվածությունը կհաղթահարվի, եթե Ռուսաստանը համաձայնի, որ Իրանը Սիրիայում անելիք չունի: Երբ օգոստոսի 23-ին Սոչիում Ռուսաստանի նախագահն ընդունեց Իսրայելի վարչապետին, վերջինս այդ մասին հայտարարեց ուղղակի. «Լավ է, որ Իսլամական պետությունը պարտվում է, վատ է, որ նրա տեղն զբաղեցնում է Իրանը»,- եւ միջազգային մամուլում մեկնաբանություններ եղան, որ Իսրայելն այդպիսով միջնորդություն է առաջարկում՝ փորձելով հարթել ռուս-ամերիկյան տարաձայնությունները:

Ոչ ոք չգիտի, թե Իսրայելի վարչապետն ինչ պատասխան է ստացել Ռուսաստանի նախագահից: Դա արդեն կարեւոր էլ չէ: Գլխավորն այն է, որ կա ռուս-ամերիկյան աշխարհաքաղաքական գործարքի հնարավորություն: Իսկ հայրենական մասս-մեդիայի որոշ գործիչներ Հայաստանի համար համառորեն առաջարկում են ընտրություն եվրատլանտյան անվտանգության համակարգի օգտին: Պաթոսն այնքան մեծ է, որ երբեմն հանդիպում են Ռուսաստանի  «վերջը» գուժող հրապարակումներ, իսկ նույն հարթության մեկնաբանները վերստին խոսում են ԱՄՆ նախագահ Վիլսոնի իրավարար վճիռը գործնականացնելու «բացառիկ հնարավորությունից»:

Որտեղից են սնուցվում այս մտավարժանքները՝ գուշակելու հարկ չկա: Տպավորություն է, որ այդ ամենը ոչ մի կապ չունի իրական գործընթացների հետ, մարդկանց մի որոշակի խումբ պարզապես կորցրել է ժամանակի զգացողությունը եւ իներցիայի ուժով ինքնակրկնվում է: Դրանից իրենք չեն տուժում, բայց մթնոլորտը պղտորվում է: Իրականությունն այն է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ հակասությունները չեն կարող հասնել ապոկալիպտիկ սահմանի, կողմերը դա քաջ գիտակցում են: Ապացույցը ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականների շփումներն են: Վերջինը տեղի ունեցավ սեպտեմբերի 7-ին: Եւ շատ ցավալի է, որ նրանք հանդիպավայր էին ընտրել Բաքուն:

Այդ փաստը պետք է մտորումների եւ վերլուծությունների տեղիք տա, որովհետեւ խոսքը վերաբերում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական դերին: Հավանաբար, այստեղ աշխատել է նաեւ իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների գործոնը: Ըստ երեւույթին, ռուս-ամերիկյան հարաբերությունների շուրջ վերամբարձ դատողություններ անելու փոխարեն հարկ է կողմնորոշվել, թե ինչ է հետեւելու Մերձավոր Արեւելքում ռուս-ամերիկյան պայմանավորվածություններին: