11.09.2017 12:13

Եւ ոչ մեկը պատասխանատու չէ

Եւ ոչ մեկը պատասխանատու չէ

Հայաստանում վերջին շրջանում մոլեգնած հրդեհները հերթական անգամ ցույց տվեցին, որ իշխանությունը բացարձակապես զուրկ է պատասխանատվության զգացումից:

Հրդեհը մոլեգում է օրեր շարունակ, սակայն հրդեհաշիջումն իրականացվում է տնայնագործական մեթոդներով, օգնության համար դիմում են օրեր անց,  բարձր մակարդակով«հրատապ» քննարկում են անցկացնում օրեր անց: Հրդեհաշիջումից հետո էլ ամեն կառույցի պաշտոնյա արդարացնում է իր կառույցի աշխատանքը, գովում ինքն իրեն եւ հեռակա ձեւով պատասխանատվությունը փորձում բարդել այլ գերատեսչությունների վրա: Արդյունքում՝ ստացվում է, որ նրանցից  որեւէ մեկը մեղավոր չէ, հետեւաբար՝ պատասխանատվության իր բաժինը չունի:

Եւ ամենամեղավորը գումարն է, որ բյուջեում չկա կամ բավարար չէ համապատասխան տեխնիկա ձեռք բերելու կամ այլ միջոցառումներ կազմակերպելու համար: Իսկ փող չկա, որովհետեւ փող չկա: Որովհետեւ երկիրն աղքատ է, ու հայրենի ժրաջան իշխանությունները որքան էլ որ տքնում են, չեն կարողանում երկիրը հարստացնել: Չնայած՝ տնտեսական աճեր է, որ գրանցում են, իսկ մարդիկ էլ, նույն իշխանությունների պնդմամբ, հենց իրենց մաշկի վրա են զգում, թե օրեցօր որքան լավանում է իրենց կյանքը:

Աճը կա, տնտեսությունը զարգանում է, ԵԱՏՄ-ից շահույթ է, որ ստանում ենք, բայց տեխնիկայի համար գումար չկա:

Եւ զրո պատասխան այն հարցերին, թե ինչու բյուջեում գումար չկա՝ ընդհանրապես, եւ համապատասխան անհրաժեշտ եւ առաջնային կարիքների համար՝ մասնավորապես:

Ոչ մի պատասխան, թե ինչու, օրինակ, ոստիկանության ջրցանների համար գումար կա, Դիլջանում ՊԵԿ աշխատակիցների համար կառուցվող ուսումնական կենտրոնում ծխվելիք սիգարների կտրիչների համար գումար կա, իսկ տեխնիկայի համար` չկա: Ինչքան էլ հարցեր են հնչում, սրանք, մեկ է` չնկատելու են տալիս: Իբր՝ ոչ մեկը չգիտի, որ բյուջեում փող չկա: Ոչ թե՝ որովհետեւ չի եղել ի սկզբանե եւ չի կարող լինել, այլ որովհետեւ, մի կողմից՝ այն ուղղակի թալանվում է (երեք անգամից կռահեք` ում կողմից. երբ բոլոր պաշտոնյաները մեծահարուստ են, ունեն բազմաթիվ տներ, տարածքներ, թանկարժեք մեքենաներ, այլ ունեցվածք, եւ դա՝ չնայած այն բանի, որ իրենք, ըստ իրենց հայտարարածի, իրենց կյանքում երբեք գործարարությամբ չեն զբաղվել եւ ապրել ու ապրում են չոր աշխատավարձով), մյուս կողմից էլ՝ եղած գումարը ծախսվում է ոչ ըստ պետական կարիքների առաջնահերթության: Առաջնահերթությունը տրվում է իշխանավորների կարիքներին, դրա համար էլ ՊԵԿ աշխատակիցները սիգար կտրելու գործիք պիտի ունենան պետական փողերով, իսկ ԱԻՆ-ի համար նոր տեխնիկա գնելու գումար չի գտնվի, որովհետեւ այդ տեխնիկան պիտի ծառայի պետությանը, ոչ թե իշխանություններին: Իսկ քանի որ այդպես է, ապա ավելի կարեւոր է ոստիկանության համար նոր տեխնիկական միիջոցներ ձեռք բերել, որպեսզի նրանք դրանով կարողանան պաշտպանել իշխանություններին` քաղաքացիներից:

Իսկ պետությունը կսպասի: Ի՞նչ է եղել որ: Ք՞իչ է սպասել:

Կարեւորը՝ քաղաքապետարանի կոնյակներն անպակաս լինեն եւ առնվազն 10 տարվա հնեցմամբ, նախարարություններում էլ ամեն բաժնի պետի տեղակալ պադավատ ունենա:

Իսկ երբ բանը հասնում է խնդիրներին, երբ դանակը ոսկորին է հասնում, պատասխան տվող չկա, որովհետեւ ոչ մեկը նրանցից չի ուզում պատասխանատվություն վերցնել պետության առաջ: Դե, եթե պատասխանատվություն չունի, ուրեմն՝ մեղավոր էլ չէ:

Ուրեմն՝ մեղավոր փնտրելն էլ անիմաստ է, մեկ է` շատ որ պահանջենք, «փնտրողն» էլ են իրենց իրավապահները լինելու, չգտնողներն էլ:

Հա, ի դեպ, հրատապ ու հույժ կարեւոր նորություն. Հայատանում մորուքի փառատոն է անցկացվելու:

 

Իշխան Պողոսյան