11.09.2017 15:42

ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը կողմ է դադարեցնելու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները

ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը կողմ է դադարեցնելու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները

Բրյուսելը պետք է դադարեցնի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններն Անկարայի հետ: Ինչպես հայտարարել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը երկուշաբթի t-online.de. կայքին տված հարցազրույցում, այդ հարցում ինքը համաձայն է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցի հետ:

«Ես միանգամայն համամիտ եմ Շուլցի դիրքորոշմանը,- ասել է Գաբրիելը:- Եվ, ի դեպ, ես կարծում եմ, որ ԳԴՀ գրեթե բոլոր քաղաքացիներն այն կարծիքի են, որ Թուրքիան իր ներկա վիճակով երբեք չի մտնի ԵՄ: Նախագահ Էրդողանն ընդհանրապես դրան չի ձգտում, նա այդ մասին ինձ ասել է դեռ մի քանի տարի առաջ»: Նրա կարծիքով՝ «Թուրքիան ընթանում է բռնապետական վարչակարգ հաստատելու ուղղությամբ», և Եվրոպայի հետ վերջնական խզումը կլինի մահապատժի վերականգնումը:

Միևնույն ժամանակ՝ նախարարը նշել է, որ ԳԴՀ-ն մտադիր չէ խզելու դիվանագիտական հարաբերությունները Անկարայի հետ, սակայն «զգալիորեն կմեծացնի տնտեսական ճնշումը Թուրքիայի նկատմամբ»:

Փոխանցում է tass.ru-ն: