12.09.2017 12:39

Վահան Թումանյան. Քաղաքակրթությունը եւ քաղաքականությունը

Վահան Թումանյան. Քաղաքակրթությունը եւ քաղաքականությունը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում իսլամական պետությունները քննարկել են հումանիտար համագործակցության հարցեր: Ղազախստանի նախագահը G-20-ի օրինակով մուսուլմանական երկրների էլիտար ակումբ ստեղծելու գաղափար է ներկայացրել: Թուրքիան այդ միջոցառմանը մասնակցել է ոչ նախագահի մակարդակով, իսկ Իրանի նախագահ Ռուհանին ներկա է եղել: Իրանն այսպիսով մեծապես կարեւորել է իսլամական համերաշխությունը:

Աստանայում տեղի է ունեցել Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: Երբ Ռուհանին ստանձնում էր նախագահի պաշտոնը, Ադրբեջանը նրան շնորհավորելու էր ուղարկել պառլամենտի նախագահի գլխավորած պատվիրակություն: Մեկ ամիս անց հանդիպելով Ադրբեջանի նախագահին, Ռուհանին ցույց է տալիս, որ երկու երկրների միջեւ սուր տարաձայնություններ չկան, թեեւ այդ հանդիպման նախօրեին իրանական Ադրբեջանի հոգեւոր գործիչների խորհուրդը հանդես էր եկել Ադրբեջանի հասցեին սուր քննադատությամբ՝ պահանջելով, որ Իսրայելում ադրբեջանական դեսպանատուն չբացվի: Չնայած իսրայելաադրբեջանական դիվանագիտական հարաբերությունները քառորդ դարի պատմություն ունեն, եւ իսրայելական դեսպանատունը Բաքվում վաղուց է գործում, Ադրբեջանը համարժեք քայլ դեռեւս չի կատարում: Բաքվում դա համարում են Իրանի նկատմամբ բարի կամքի դրսեւորում, բայց եւ չեն թաքցնում, որ դժգոհ են Իրան-Հայաստան հարաբերությունների ջերմությունից: Այդ դժգոհությունը միջնորդավորված ձեւով հնչել է Աստանայի միջոցառմանն՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւի ելույթում:

Խոսելով Ղարաբաղում եւ հակամարտության գոտում մուսուլմանական կրոնական կառույցների մասին, Ալիեւը բխեցրել է քաղաքական մոտեցում, որ «Հայաստանը չի կարող լինել մուսուլմանական երկրի բարեկամ»: Թիրախն, անկասկած, Իրանն է, որովհետեւ տարածաշրջանի իսլամական երկրներից Հայաստանի հետ ամենասերտ հարաբերություններ ունի Իրանը: Այսպիսով, ղարաբաղյան հարցի շուրջ դիսկուրսում ներառվում է նոր տարր՝ քաղաքակրթական ընդհանրությունը քաղաքական կապիտալի եւ գործիքակազմի վերածելու Ադրբեջանի մոտեցումը: Այդ փորձը կատարվել է թյուրքախոս երկրների համագործակցության շրջանակներում, բայց վերջին պահին Ղրղզստանը հրաժարվել է ստորագրել ամփոփիչ հայտարարությունը:

Նույն գաղափարն Աստանայում հնչեցվել է ավելի ընդգրկուն կոնտեքստում: Ընդ որում, Ալիեւը նման միտք շրջանառել է Մոսկվայում Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի միջեւ հանդիպումից ընդամենը երկու օր հետո: Եւ մինչ հոգեւոր գործիչների հանդիպման արդյունքով տարածված հայտարարությունը հույս է ներշնչում, որ կողմերի միջեւ հնարավոր է գտնել շփումներ, Ադրբեջանի նախագահը փաստացի դնում է իսլամական աշխարհից Հայաստանի մեկուսացման խնդիր:

Հասկանալի է, որ իսլամական երկրները, այդ թվում առաջին հերթին՝ Իրանը, Ալիեւի հայտարարությունը չեն ընդունելու, նրանք առաջնորդվելու են իրենց շահերով: Այդուհանդերձ, քաղաքակրթությունը քաղաքականացնելու փորձ արվում է, եւ մենք պարտավոր ենք տեսնել փաստը, վերլուծել եւ մշակել հակազդող քայլեր: