12.09.2017 12:56

Ստամբուլի դատարանը լրագրողներին թողեց բանտում

Ստամբուլի դատարանը լրագրողներին թողեց բանտում

Ստամբուլի դատարանը կալանքի տակ է թողել թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի հինգ աշխատակիցների, որոնք մեղադրվում են «ահաբեկչական գործունեության»՝ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի, Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ կապերի և Թուրքիայի կողմից սիրիացի ջիհադիստներին զենք վաճառելու վերաբերյալ հրապարակումների համար: Հերթական դատական նիստին, որը կայանալու է սեպտեմբերի 25-ին, պարբերականի գլխավոր խմբագիր Մյուրատ Սաբունջուն և նրա գործընկերները կսպասեն կալանավայրում:

«Ցավոք՝ Թուրքիայում օր օրի իրավիճակը վատթարանում է, Էրդողանին հաջողվել է ճնշել բազմակարծությունը և ազատ մամուլն այդ երկրում»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆեր Դելուարը:

Իսկ Cumhuriyet-ի Անկարայի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլը հայտարարել է. «Թուրքիան ռեկորդակիր է բանտերում գտնվող լրագրողների թվով: Այն հասնում է 170-ի: Այսօր բոլորը, ովքեր իշխանության կողմում չեն, հայտարարվում են ահաբեկիչներ: Այսօր այստեղ դատում են հենց լրագրությունը, խոսքի ազատությունը, մտքի ազատությունը»:

Ընդհանուր առմամբ՝ Cunhuriyet-ի 17 նախկին աշխատակիցներ են մեղադրվում «զինված ահաբեկչական կազմակերպություններին» օգնություն ցուցաբերելու մեջ, նրանց սպառնում է մինչև 43 տարվա ազատազրկում: Մի քանիսին հաջողվել է թաքնվել արտասահմանում, այդ թվում՝ նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին, որն այժմ Գերմանիայում է:

Փոխանցում է euronews-ը: