12.09.2017 21:03

Տղայականություն՝ քաղաքականության փոխարեն

Տղայականություն՝ քաղաքականության փոխարեն

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումներն ու այդ հանդիպումների ժամանակ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները նորություն չեն: Ի վերջո, նորմալ է, որ հանուն խաղաղության, քաղաքական գործիչներին զուգահեռ, ջանքեր են գործադրում նաեւ հոգեւորականները, հատկապես որ խաղաղությունը, կարելի է ասել, կրոնների հիմքն է:

Խնդիրը թերեւս այլ տեղ է: Եռակողմ վերջին նման հանդիպումից հետո համացանցի հայկական հատվածի մի մասում Կաթողիկոս Գարեգին 2-րդի ելույթն էին քննարկում, հայտարարում, թե նա ադրբեջանցիներին լավ է «տեղը դրել», իսկ եղան նաեւ այնպիսիք, որ լուրջ դեմքով առաջարկում էին բանակցությունները վստահել հոգեւոր առաջնորդին:

Այստեղ է թաքնված խնդիրը: Դեռ մի կողմ թողնենք, թե ինչպիսին են իշխանությունները, եւ ինչպես են նրանք այսօր բանակցություններ վարում:

Խնդիրն այն է, որ քաղաքացիների եւ քաղգործիչների մեջ զգալի մի հատված այս բանակցությունները դիտարկում է ոչ թե որպես խնդիրը լուծելու միջոց, այլ որպես շոու, իսկ իրենք էլ հանդիսատեսներ են, որոնք կողքից նայում ու ծափ են տալիս նրանց, ովքեր, իրենց կարծիքով, «լավ ու տղայական» պահվածք են ցուցաբերում: Խնդիրն այդտեղ է, որ քաղաքականությունը չի տարբերակվում տղայականությունից, բանակցություններն ու քաղաքականությունը՝ «քուչի բազարներից», եւ հետեւաբար՝ լավ քաղաքական գործիչն այն է, որը տղավարի է խոսում: Նա չէ, ով արդյունքի է հասնում, որովհետեւ արդյունքն այս պարագայում դառնում է երկրորդական, այլ նա, ով, ըստ իրենց, ձեռքը խփում է սեղանին: Դեռ մի կողմ, որ հաճախ իրոք անհրաժեշտ կոշտության կարիք լինում է, սակայն այս պարագայում այդ մարդկանց ակնկալիքը դա չէ:

Այդ մարդիկ իշխանություններից դժգոհ են ոչ այն պատճառով, որ սրանք ունակ չեն խնդիրը լուծել։ Նրանք դժգոհ են միայն այն պատճառով, որ սրանք չեն կարողանում այլ առաջնորդների նման գնալ հանդիպումների ու ձեռքերը խփել սեղաններին:

Ու հենց այդ պատճառով էլ միշտ գտնվում են այնպիսիք, որ ասում են՝ ինչ լավ տղայական ելույթ ունեցավ Քոչարյանը ժամանակին ՄԱԿ-ի ամբիոնից:

Նույն ամբիոնին այլ ավելի կոշտ բաներ էլ են եղել. մեկը կոշիկն էր խփում, մյուսը չար հոգիներ էր քշում: Հետո՞:

Վերջիվերջո, ի՞նչ կապ ունի բակային տղայական պահվածքը քաղաքականության հետ:

Իշխան Պողոսյան