13.09.2017 13:05

ԱՄՆ դեսպանությունը արձագանքում է «ՍԱՍ-ի ժողովի» գործի կարճմանը

ԱՄՆ դեսպանությունը արձագանքում է «ՍԱՍ-ի ժողովի» գործի կարճմանը

SAS սուպերմարկետում ԱԺ ընտրություններից առաջ կայացած հայտնի ժողովի գործի կարճման կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանը հարց էր ուղղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով մեկնաբանել գործի կարճումը:

Ի պատասխան հարցման ԱՄՆ դեսպանատնից արձագանքել են.

«Նախ մենք նորից շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ի ընտրությունների առիթով, որին նախորդել էր տարբեր կուսակցությունների ու դաշինքների միջև լայն մրցակցության մի ժամանակահատված այնպիսի միջավայրում, երբ լրատվամիջոցներով հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումները:

Այնուհանդերձ, ընտրություններից հետո միջազգային կազմակերպությունների համատեղ հայտարարությամբ մենք նշեցինք, որ ընտրական գործընթացում եղել են արժանահավատ ու անհանգստության տեղիք տվող հաղորդումներ քվեների գնման ու ընտրողների վրա հավանական ճնշումների վերաբերյալ: Մենք ՀՀ կառավարությանը, կուսակցություններին և քաղաքացիական հասարակությանը հորդորեցինք միասին աշխատել՝ այդ մտահոգությունները իրավական մեխանիզմների միջոցով փարատելու նպատակով, քանի որ ընտրախախտումների մասին հաղորդումներով վստահելի ու թափանցիկ քննությունների անցկացումը համահունչ էր փետրվարի 9-ին Վարչապետի կողմից վարչական ռեսուրսի օգտագործման դեմ արված նախազգուշացմանը:

Դոնոր կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ քվեարկության օրը կիրառված տեխնիկական միջոցները թույլ տվեցին բարելավել հասարակության վստահությունը ընտրությունների անցկացման նկատմամբ:

Կաշառքների ու վարչական ռեսուրսի չարաշահման դեմ միջոցների ձեռնարկումը նույնպես անհրաժեշտ է հասարակության հավատն ու վստահությունը մեծացնելու համար, սակայն դրանք այն միջոցներն են, որ կարող են ձեռնարկել միայն ՀՀ կառավարությունն ու վերջինիս իրավապահ կառույցները»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) որոշում է կայացրել կարճել ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։