13.09.2017 14:35

Մեկնարկել է 184 փաստաբանների գործադուլը

Մեկնարկել է 184 փաստաբանների գործադուլը

Այսօր մեկնարկել է 184 փաստաբանների բողոքի ակցիան. փաստաբանները բողոքում են ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ:

Հիշեցնենք, որ գործադուլի մասին փաստաբանները հայտարարել էին օգոստոսի 25-ին: Հայտարարությունը տարածելու պահին միացել էին արդեն 138 փաստաբաններ:

Իրենց հայտարարության մեջ փաստաբանները նշում էին մասնավորապես, որ «որեւէ հիմնավորման բացակայության, ինչպես նաև դատարանների, փաստաբանի մասնագիտական պարտականություններն իրականացնելու հետ կապված այլ պետական կառույցների վարչական շենքերում արգելված իրերի ցանկի բացակայության պայմաններում, զննության թիրախ են դարձվել փաստաբանները»։

«Համապատասխան տեխնիկական հագեցվածության բացակայության պայմաններում, շատ դեպքերում զննությունը վեր է ածվում խուզարկության, ինչը անթույլատրելի է ու ստորացուցիչ։  Տպավորություն է ստեղծվում, որ փաստաբանների պարագայում գործում է օրինախախտի կանխավարկած»,- ասված էր հայտարարության մեջ:

Նրանք նշում էին նաեւ, որ հայտարարությանը միանալով և գործադուլի օր հայտարարելով, փաստաբանները, բնականաբար, իրենց վստահորդների (պաշտպանյալների եւ այլ շահառուների) իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով չեն դադարեցնելու նրանց ներկայացնելը՝ այդ օրը դատական նիստերի անհետաձգելիության դեպքում: