13.09.2017 15:47

Ռյաբկով. ԿԺԴՀ-ի հետ «վեցյակի» ձևաչափով բանակցելու՝ Մերկելի գաղափարն ուշագրավ է

Ռյաբկով. ԿԺԴՀ-ի հետ «վեցյակի» ձևաչափով բանակցելու՝ Մերկելի գաղափարն ուշագրավ է

Մոսկվան հետաքրքրությամբ է ընդունել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի առաջարկը՝ Իրանի հետ բանակցությունների փորձը փոխադրել ԿԺԴՀ իրավիճակի վրա, սակայն ուղղակի զուգահեռներ այդ իրավիճակների միջև արդեն գրեթե անհնար են, РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Մերկելն ավելի վաղ հայտարարել էր, թե ԿԺԴՀ շուրջ իրավիճակը կարգավորելու համար կարելի է կիրառել իրանական խնդրի կարգավորման ժամանակ կիրառված՝ միջնորդների «վեցյակի» և Թեհրանի բանակցությունների ձևաչափը: Մերկելի խոսքով՝ Գերմանիան պատրաստ է մասնակցել ԿԺԴՀ-ի հարցով այդ բանակցություններին:

«Սակայն պետք է ասեմ, որ լիակատար և լիարժեք զուգահեռներ երկու իրավիճակների միջև, հավանաբար, արդեն անհնար են, քանի որ ԿԺԴՀ-ն, ի տարբերություն Իրանի, մի երկիր է, որ արդեն իրապես տիրապետում է միջուկային-զինական տեխնոլոգիաների, համենայն դեպս՝ այն մակարդակով, ինչը Փհենյանին թույլ է տալիս փորձարկել միջուկային պայթուցիկ սարքեր և շարժվել բալիստիկ հրթիռների տեսքով կրող միջոցների մշտական կատարելագործման ուղղությամբ»,- ասել է Ռյաբկովը: Մինչդեռ Իրանում, Մոսկվայի կարծիքով՝ համատեղ գործողությունների ընդհանուր պլան հաստատելու պահին «միջուկային-զինական ծրագրի առկայության որևէ նշան չկար»:

Ռյաբկովը հավելել է, որ Փհենյանը, դատելով ըստ ամենայնի, չափազանց շահագրգռված է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ վարելու: «Ես վստահ չեմ, որ ԱՄՆ վարչակազմը քաղաքական կամք և վճռականություն ունի՝ նման երկխոսություն սկսելու համար»,- ասել է նա:

Փոխանցում է ria.ru-ն: