13.09.2017 16:00

Սերգո Տոնոյան «Ստի եւ հիմարության գերեզմանոցում»

Սերգո Տոնոյան «Ստի եւ հիմարության գերեզմանոցում»

«Կարմիր բլուր» հնավայրի տարածքին կից՝ շուրջ հարյուր եւ ավելի տարի գոյություն ունեցող նոր գերեզմանատունը, վաղուց արդեն սահմաններ չունի։ Թաղումների համար հատկացվող հողաբաժինները ներխուժել են հնավայրի տարածք եւ, կարծես, միախառնվել հնագույն ժամանակաշրջանի դամբարանադաշտի հետ։

Հին եւ նոր գերեզմանների սահմանագծին տարիներ առաջ, «Հյուսիս-հարավ» միջպետական ճանապարհի կառուցման նպատակով, կատարվեցին հնագիտական պեղումներ։ Փաստորեն, ըստ նախագծի՝ նոր ճանապարհը պետք է անցնի (դեռ պետք է) ուրարտական դամբարանադաշտի տարածքով, ինչի համար էլ հենց այդ վայրում կատարվեցին պեղումներ։ Արդյունքում՝ հազարամյա հողաշերտի տակից դուրս եկած հարուստ նյութը տեղափոխեցին համապատասխան հետազոտական հաստատություններ, տարածքը կոնսերվացրին, ծածկեցին բազալտե խճաքարով, իսկ քիչ այն կողմ կանգնեցրին մի ցուցապաստառ՝ «Այստեղով անցնելու է Հյուսիս-հարավ միջպետական ճանապարհը» վերտառությամբ, եւ վերջ։

 Կանգնում ես այդ խաչմերուկում՝ հայացքդ ուղղած դեպի հեռավոր հյուսիս, որտեղից, քանի տարի է, ինչ պետք է իր ճանփան հարթի տարատեսակ բանկերից ստացած վարկերի բեռն ուսերին Հայաստանի գլխավոր ճանապարհը, եւ մի կողմում՝ անցյալի փառքի վկայության բոլոր հետքերը կորցրած հնավայրն է, մյուս կողմում էլ մեր օրերի վերջին հանգրվան՝ գերեզմանատունը, եւ՝ ամայություն։ Միայն քամին է դեսուդեն շպրտում չորսբոլորը օրըստորե մեծացող աղբանոցի թափոնները։ Սա մեր մեռյալ եւ անշարժ իրականությունն է։

 Այսպիսի իրականությունում տրամաբանական է մեկ այլ ուրարտական բնակավայրի՝ Էրեբունիի շրջակայքը ավտոշուկայի վերածելը, կամ այն չվերացնելը՝ տուրիզմի աննախադեպ զարգացման ֆոնին։ Սովորական են դարձել նաեւ եկեղեցիների հարակից (անգամ՝ եկեղեցում) գերեզմանատներում կատարվող վայրագությունները։ Բոլոր այս օրինակները համատարած կեղծավորության ցավալի վկայություններն են: Մենք ապրում ենք այդ կեղծավորության մեջ: Կեղծարարի համար մեկ է՝ պատմությո՞ւն, թե՞ ընտրություններ, հավա՞տք, կրո՞ն, թե՞ բարքեր։ Կարեւորը՝ կեղծելն է։

 Քսան տարի անց, երբ իրողությունները ստիպում են Արցախի հարցում փոխզիջումն ընդունել որպես պատերազմի այլընտրանքային լուծում, կեղծ հայրենասերները դադարու՞մ են աղմկելուց։ Ոչ։ Շարունակում են նույն սուտը բանեցնել։ Խնջույքի սեղանին նույն կեղծ քրիստոնյայի, հայրենասերի, ուսուցչի կենացներն են։ Եթե ոտքի կանգնես ու ասես, որ արեւելյան Թուրքիայի ընդամենը 80 հազար բնակիչ ունեցող ծայրամասային Կարս քաղաք մտնող միջպետական բոլոր չորս ճանապարհները իրենց որակով գերազանցում են Հայաստանի ցանկացած ճանապարհը, քեզ գերեզման կուղարկեն՝ փոսդ փորելու։

Ծնողն իրավունք ունի՞ դպրոցի տնօրենին հարցնելու՝ այդ ի՞նչ ձայնագրություններ էին։ Ոչ, չունի։ Հավատացյալը կարո՞ղ է նայել իր հովվի երեսին եւ իմանալ՝ այդ «Բենթլին» երկնայի՞ն պարգեւ է, թե՞ երկրային մաքառման արդյունք։ Ոչ, չունի։ Իմաստ էլ չունի, որովհետեւ պատասխանը կամ սուտ է լինելու, կամ հիմարություն։ Դրան է միայն ընդունակ մեր հոգեւոր եւ քաղաքական վերնախավը եւ դրանց սպասարկու քաղքենի դասը:

 Մշակույթի փոխնախարարի ասածը հիմարություն է, եւ ոչ ավելին։ Իսկ այն, որ Խոսրովի անտառում կիրականացնեն այս կամ այն միջոցառումները՝ սուտ է։ Մեզ մնացել է սրանց սուտն ու դուրս տված հերթական հիմարությունը տարբերել՝ կանգնած հին ու նոր գերեզմանների արանքում՝ մեր փոսը փորելով։

Հայաստանը «բաց երկնքի տակ թանգարանից» վերածվել է նույն երկնքի տակ գերեզմանի։ Այստեղ են թաղված՝ Հրազդանի քաղաքապետի մարդասպան, բայց գերազանցիկ որդու կատարած հանցաքի զոհն ու Արցախում՝ այս իշխանությունների կեղծ գաղփարախոսությունը պաշտպանող զինվորը։ Այստեղ՝ կողք կողքի թաղված են ուրարտացին եւ մերօրյա 3-րդմասցի «հերոսները», Զաքարյանները եւ նրանց դամբարանի կողքը անօրինական գործողության արդյունքում հայտնված մեկը: Կոմիտասն ու Անդրանիկ Մարգարյանը։ Շիրազը, Սեւակն ու Խաչատուրյանը եւ՝ Անդրանիկ Մարգարյանը։

Բոլորս եւ Անդրանիկ Մարգարյանը։