14.09.2017 10:40

Այսքան ուրախ կյանքը մեր

Այսքան ուրախ կյանքը մեր

Հայաստանում շենքերի մոտ ու փողոցներում աղբամանները լիքն են ու առնետառատ ոչ թե այն պատճառով, որ Սանիտեկն է վատ աշխատում, եւ կամ առավելեւս, որ քաղաքապետարանն իր վերահսկիչ գործառույթները լավ չի իրականացնում, այլ որովհետեւ «դա հիմնականում ձմերուկի ու սեխի պատճառով է, որ մեր հայկական օջախներում ձմերուկից ու սեխից բոլորս օգտվում ենք, այ դա բերում է տհաճ հոտի։ Այլ երկրներում այդքան ձմերուկ ու սեխ չեն ուտում, ինչքան մենք ենք ուտում»:

Իսկ դուք ընկել եք` էլ Պողոս-Պետրոս-Մարտիրոս, էլ համայնքային իշխանությունների պատասխանատվություն, էլ կոռուպցիա, էլ չգիտեմ` ինչ: Ձմերուկ ու սեխ:

Հայաստանում ոչ բիզնեսի մեջ է պետք ներդրում անել, ոչ` արտադրության, ոչ էլ` առավելեւս, կրթության, գիտության եւ արվեստի մեջ: Միակ ամենաճիշտ ներդրումը Հայաստանում եկեղեցի կառուցելն է: Իսկ դուք ասում եք` տնտեսությունը զարգացրեք, բյուջեն մի թալանեք, հետո էլ էդ թալանած գումարներով մարդա մեկ եկեղեցի մի կառուցեք` իբրեւ թե հավատացյալ եք, եւ հույս ունեք, որ Աստված կների ձեր հանցանքները: Կարիք չկա այլ ներդրման, որովհետեւ եթե տականքների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է, թալանչիների վերջին հանգրվանն էլ հավատքն է, որ կարծում են, թե իրենց կփրկի:

Հայաստանում պետք է փակել ստալինյան տարիների ռեպրեսիաների մասին ցուցադրությունը, որովհետեւ դա քաղաքական հարց է: Իսկ Հայաստանում, ինչպես գիտենք, քաղաքական չէ ոչինչ, անգամ եւ առավելեւս՝ քաղաքականությունը: Եւ ինչպես ասում էր մի ցմահ «իմաստուն» ծերուկ` ոչ միայն մահապատիժը պետք է լինի ցմահ, այլեւ պետք չէ քաղաքականացնել ԱԺ ամբիոնը: Բա իհարկե. Աժ ամբիոնն էլ, քաղաքականությունն էլ հո քաղաքականության համար չե՞ն: Դրանք ճոռոմաբանելու, լալահառաչ տոնով ելույթ-արտասանությունների եւ երբեմն էլ ճղճղալու համար են: Իսկ դուք կարծում եք, թե մենք իսկապես կրկեսի վերածելու հայրենիք չունե՞նք: Մե՛նք գուցե չունենք, մենք գուցե այդպես ենք կարծում, իսկ իրենք` ունեն:

Հայաստանում փաստաբաններին պետք է արգելեն դատարան անցկացնել արբալետներ, շյուղեր, նետ ու աղեղ, կացին, մաչետ, հրացան ու մեխ, հոկեյի թիեր, արկեր եւ նռնակներ, թույներ, բակտերիաներ եւ վիրուսներ, փաստաբաններին պետք է խուզարկեն, նվաստացնեն, իսկ նրանց միավորող պալատը, որ ազատության կղզի պետք է լիներ ինքն իրենով, պիտի պաշտպանի խուզարկուներին, հետապնդումներ եւ կարգապահական վարույթներ իրականացնի ըմբոստ փաստաբանների նկատմամբ եւ որպես պարգեւատրում՝ վերջում ստանա պալատի նախագահի առաջադրված մեկ թեկնածու:

Հայաստանում ՍԱՍ-ի նման բոլոր գործերը պիտի կարճվեն, քանի որ հանցակազմ չկա: Չկա ու չկա: Ու դեռ մի բան էլ պիտի շնորհակալ լինենք, որ գործ են հարուցել: Կարող էին հենց էն գլխից հայտարարել, որ հանցակազմ չկա:

Եւ ընդհանրապես, Հայաստանում ոչ մի տեղ հանցակազմ չկա: Կոռուպցիա չկա: Արտագաղթ չկա: Երկիրը ծաղկում է եւ զարգանում, տնտեսությունը մեծ ոստյուններով եւ վագրային թռիչքներով հասել է մինչեւ լուսին, բոլորն ուրախ են եւ երջանիկ, իսկ այսքան ուրախ կյանքը մեր ո՞ր ընկերն է մեզ տվել... Իհարկե, այսքան ուրախ կյանքը մեր ընկեր Ստալինն է տվել։ Թե՞ ընկեր Լենինն էր:

 Իշխան Պողոսյան