14.09.2017 12:06

Գեւորգ Նալբանդյան. Դիսկուրսի ռեսուրսը

Գեւորգ Նալբանդյան. Դիսկուրսի ռեսուրսը

Պառլամենտի «Ելք» խմբակցությունը քաղաքական դիսկուրս է բերել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու թեման: Նախաձեռնությունը կարող է քննարկվել, բայց հարցը կանխորոշված է. Ազգային ժողովի մյուս բոլոր ուժերը հասցրել են հասկացնել, որ հարցի նման դրվածքն ընդունելի չէ, իրենք դեմ են քվեարկելու: «Ելքն» ինքն էլ գիտի, որ հանրային եւ քաղաքական բավարար ռեսուրս չունի, մարդկանց մեծամասնության համար օրախնդիրը դա չէ: Այդ դեպքում ինչու՞ է օրակարգ բերվել այդ ապրիորի ձախողված նախաձեռնությունը:

Բանն այն է, որ  «Ելքը»  փորձում է ինչ-որ ձեւով արդարացնել Ազգային ժողովում իր ներկայությունը, բայց քանի որ պետական խնդիրների լուծման ծրագիր եւ խնդիրները գործնական հարթություն բերելու համարձակություն չունի, ընտրել է պոպուլիզմի ճանապարհը: Մի խմբակցության դեպքում, որտեղ երեք կուսակցություններ են միավորված, դա այնքան էլ վտանգավոր չէ: Ասել է թե՝ եկել են պառլամենտ, մի ձեւով պետք է իրենց ցույց տան, մինչեւ լիազորությունների ժամկետը կմոտենա ավարտին, եւ կգա նոր ճամբար ընտրելու ժամանակը: Խնդիրն այն է, որ Հայաստանում իրոք կան անհատներ, խմբեր, որոնք  «Ելքի»  թեթեւ ձեռքով ասպարեզ բերված հարցին լրջություն են տալիս՝ օգտագործելով որոշակի մեդիա-ռեսուրսներ: Այնքան, որ հարցը տեղափոխվում է Ռուսաստանի դեսպանի բրիֆինգի մակարդակ, եւ նրան ուղղակի հարցնում են դրա մասին: Սա արդեն բարդացնում է խնդիրը: Գործի կազմակերպիչները կամ իրավիճակը չեն վերահսկում, կամ էլ իմանալով, որ Ազգային ժողովում հաջողության հասնելու շանսեր չկան՝ միտումնավոր սրում են հարցը:

Բացառված չէ, որ խնդիրը հենց այդ նպատակով էլ ուղղորդվում է: Դա են վկայում իշխող կուսակցության եւ նրա կոալիցիոն գործընկերոջ արձագանքները, որ իրավիճակին ադեկվատ չեն: Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ  «Ելքի»  նախաձեռնությունը չեզոքացնելու համար քաղաքական եւ հանրային մոբիլիզացիայի կարիք կա: Ասել է թե՝ իշխանությունը կարծես «Ելքից»   լուրջ այլընտրանք ստեղծելու իմիտացիա է անում՝ դա հասցեագրելով Ռուսաստանին: Կարեւոր չէ, թե ինչ նպատակով է արվում՝ սեփական անփոխարինելիությունն ամրապնդելու՞, թե՞ Մոսկվայից ինչ-որ ակնկալիքների: Երկու դեպքում էլ Հայաստանի միջազգային վարկը տուժում է, իսկ ռուս-հայկական հարաբերությունների մթնոլորտը՝ բացահայտորեն ծանրանում: Ռուսաստանի կամ ԵԱՏՄ անդամ այլ պետության հետ Հայաստանը կարող է ունենալ տարաձայնություններ, բայց դրանք քննարկելու այլ հարթակներ եւ մեխանիզմներ կան: 

«Ելքի» նախաձեռնությունը ժամանակավրեպ է եւ դիվանագիտական պատշաճությանն անհարիր: Ու թեեւ դիսկուրսի ռեսուրսները սուղ են, այնուամենայնիվ թեման քննարկվում է, բայց դրանից ավելի է խորանում Հայաստանի մեկուսացվածության տպավորությունը: Եթե խնդիր է դրվել հանրությանը լրիվ հուսալքել, ապա դա մասամբ արդեն կատարված է. ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու խնդրի հրապարակայնացումն արդեն իսկ արտաքին քաղաքական անելանելի վիճակի խորհրդանիշ է: Եւ քանի դեռ սա չի տարածվել ավելի լայն պարագծով, պետք է անպտուղ խոսակցություններին վերջ տալ եւ թողնել, որ հարցը քննարկվի ու մերժվի Ազգային ժողովում: