10.01.2013 16:41

Շտեֆան Ֆյուլե. Ստեփանակերտի օդանավակայանի հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով

Շտեֆան Ֆյուլե. Ստեփանակերտի օդանավակայանի հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հրավերով հունվարի 8-ին մեկնել է Բրյուսել, իսկ հունվարի 9-ին հանդիպել Եվրոպական ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Ըստ trend.az-ի՝ հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը և, մասնավորապես, Ստեփանակերտի օդանավակայանին վերաբերող հարցը: Ֆյուլեն կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին՝ գտնել հարցի լուծման դիվանագիտական ուղիներ և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները հայտնել էին Ստեփանակերտի օդանավակայանի մոտալուտ շահագործման մասին, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ հայտարարել էր, որ օդանավակայանի գործարկումը Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի բացահայտ խախտում է և արգելել էր Լեռնային Ղարաբաղի օդային տարածքով թռիչքները՝ դա պատճառաբանելով նրանով, որ ոչ ոք չի կարող երաշխավորել թռիչքների անվտանգությունը տվյալ օդային տարածքում:

Նշենք նաև, որ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն տարածած հաղորդագրությունում նշված չէր, որ հանդիպմանը քննարկվել է Ստեփանակերտի օդանավակայանին վերաբերող հարցը: