14.09.2017 15:18

Թուրքիայի փոխվարչապետ. ԱՄՆ դատական համակարգը FETO-ի ազդեցության տակ է

Թուրքիայի փոխվարչապետ. ԱՄՆ դատական համակարգը FETO-ի ազդեցության տակ է

ԱՄՆ դատական համակարգը իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի  FETO («Ֆեթհուլլականների ահաբեկչական կազմակերպություն») կազմակերպության ազդեցության տակ է, որը 2016 թ. հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպիչն է համարվում: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

«Թուրք-իրանցի գործարար Ռեզա Զառաբի գործը քաղաքական դրդապատճառներ ունի: Եթե ձեր երկրում օրենքները պահպանվում են, ապա դուք նրա մեղքի ապացույցներ պիտի ունենաք»,- ընդգծել է Բոզդաղը:

ԱՄՆ իշխանությունները Զառաբին ձերբակալել են 2016 թ. մարտին Մայամիում (Ֆլորիդա նահանգ)՝ Թեհրանի նկատմամբ  Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների շրջանցմամբ՝ Իրանի կառավարությանը դրամական միջոցներ փախանցելու անօրինական սխեմաներ կազմակերպելու մեղադրանքով:

Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ արդարադատության նախարարությունը նաև հեռակա մեղադրանք է առաջադրել Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չագլայանին, թուրքական պետական բանկի նախկին ղեկավար Սուլեյման Ասլանին և «ԱՄՆ ֆինանսական համակարգը միլիոնավոր դոլարների գործարքների նպատակով հօգուտ Իրանի կառավարության օգտագործելու դավադրության» ևս երկու մասնակիցների: Նման գործերով առավելագույն պատիժը 30տարվա ազատազրկությունն է:

Նախագահ Էրդողանը Չագլայանի դեմ մեղադրանքն անվանել է «Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի քաղաքական քայլ»:

Փոխանցում է tass.ru-ն: