15.09.2017 12:11

Արսեն Գրիգորյան. Հարմարավետ ընդդիմությունը

Արսեն Գրիգորյան. Հարմարավետ ընդդիմությունը

«Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն այսօր «հանճարեղ» խոստովանություն է արել՝ մենք ի սկզբանե պատրաստ էինք լինել խորհրդարանի միակ ընդդիմադիր ուժը: Ո՞վ էր կասկածում:

Դասական Գալուստ Սահակյանը նրանից ավելի ազնիվ է՝ մենք այսօր ընդդիմություն չունենք: Հանրապետականն ուղղակի պետք է ոգեւորվեր «Ելքի» ընդդիմություն լինելուց: Բայց հայտարարում է, որ ընդդիմություն չէ: Պարոն Սահակյանն այդպես էլ ասում է՝ ընդդիմությունը ՀՀԿ-ին չի զգաստացնում: Իսկ ինչպե՞ս պետք է զգաստացներ: Օրինակ, ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրինագիծը զգաստացնու՞մ է: Դրա համա՞ր են այդ մարդիկ մտել խորհրդարան: Այո: Նաեւ նրա համար, որպեսզի հայտարարեն, որ Հանրապետականն իսկապես հավաքել է 50+1 քվե: Ընդդիմությունը չի կասկածում ՀՀԿ-ի լեգիտիմությանը: Իսկ լեգիտիմ ՀՀԿ-ն ուղղակի երաշխավորված գերեզմանափոր է: Բայց արդեն ընդդիմության քավորությամբ:

Հասկանու՞մ եք, մարտի 1-ին ժողովրդի վրա կրակեց ոչ լեգիտիմ իշխանությունը, որովհետեւ այլ կերպ չէր էլ կարող վարվել: Կորցնելու ոչինչ չուներ: Ոչ միայն կորցնելու ոչինչ չուներ, այլեւ չէր էլ վիճարկում մարդկանց գոյության իրավունքը՝ մեռնողը պետք է մեռնի: Թիրախ չկա, ցանկացածին կարող են սպանել: Սա է ոչ լեգիտիմ իշխանության բռնության փիլիսոփայությունը: Իսկ երբ իշխանությունը լեգիտիմ է, նա կարող է արդեն ուժ կիրառել Ժողովրդի «հավանությամբ»: Որովհետեւ կորցնելիքը ոչ թե իշխանությունն է, այլ՝ լեգիտիմությունը: Այսինքն, լեգիտիմության կորուստը դեռ իշխանության կորուստ չէ, լեգիտիմության կրակոցը այն մասին է, որ կարելի է սպանել հարյուրներին՝ հանուն այլ հարյուր հազարավորների: Լեգիտիմությունը կարողանում է նման ձեւակերպումներ գտնել:

«Ելքը» կարող էր հայտարարել, որ ինքը ընդդիմություն է միայն այն դեպքում, եթե շատ որոշակի հայտարարեր՝ ՀՀԿ-ն կեղծել է ԱԺ ընտրությունները, և ինքը լեգիտիմ իշխանություն չէ: Մնացած ձևակերպումները, թե ոնց է ՀՀԿ-ն սպառնացել, խաբել ընտրողին, հեքիաթ են առանց հիմնական ձևակերպման:

Իսկ չի անում, որովհետեւ պետք չէ: Ինչու՞ պետք չէ: Որովհետեւ ինքը չի կարող իշխանություն վերցնել: Պատգամավորն այնքան հանգիստ է ասում՝ մենք ի սկզբանե պատրաստ էինք լինել խորհրդարանի միակ ընդդիմադիր ուժը, որ հասկանում ես՝ չեն էլ մտածել իշխանություն լինելու մասին: Իսկ ՀՀԿ-ի ոչ լեգիտիմության մասին նրանք պետք է լռեն, որովհետեւ երբ իշխանությունը փլուզվի, միակ ընդդիմադիր ուժին ոչ մեկը, այսինքն՝ ժողովուրդը իշխանություն չի վստահի: Ժողովուրդը չի ասի՝ իսկ դուք ինչ-որ կերպ զգալ տվե՞լ եք, որ մրցակից էիք ՀՀԿ-ին, ինչ-որ կերպ հուշե՞լ եք, որ ՀՀԿ-ի հակոտնյան դուք եք:

Այսօր ասպարեզում չկա կես քաղաքական ուժ, որը կարող է փոխարինել ՀՀԿ-ին: Ոչ թե ՀՀԿ-ն է անփոխարինելի,- գերեզմանափորն անփոխարինելի է գերեզմանոցում,-այլ փոխարինողն է կեղծ: Չի կարող գերեզմանափորն անփոխարինելի լինել, ասենք, ֆուտբոլում: ՀՀԿ-ն հենց դրան է ծառայեցրել վերջին ընտրությունները, նա ընդդիմադիրի դերը վստահել է «Ելքին», որպեսզի այս քաղաքական ուժը խոսի երկրորդական բաներից, բայց ոչ՝ ՀՀԿ-ի ոչ լեգիտիմությունից: Ոչ միայն չխոսի, այլեւ ամեն առիթով պնդի հակառակը՝ որ ժողովուրդն իրեն հայտնի տարբեր ճանապարհներով քվեն տվել է ՀՀԿ-ին՝ կաշառվել է, տեղի է տվել սպառնալիքներին, լսել է գյուղապետի կոշտ հորդորը, բայց, միեւնույն է, քվեն տվել է ՀՀԿ-ին: «Ընդդիմադիր» պատգամավորի խոստովանությունն այս մասին է: Ինքն ուզում է ասել, որ որպես ընդդիմություն՝ մրցակցությունից դուրս է, իսկ եթե մրցակցությունից դուրս է, ազատ է ասել այն, ինչ ասում է՝ վիճարկողն ո՞վ է:

Չկա իսկապես ընդդիմադիր մի քաղաքական ուժ խորհրդարանում, որ ասի՝ ընկեր, այսինքն, ո՞նց թե միակն ես: Եթե միակն է, ինքն է որոշում՝ ինչի մասին լռի եւ ինչի մասին խոսի: Դե իսկ նա էլ խոսում է մի բանի մասին, որը գոնե առաջիկա 5 տարում երաշխավորելու է նրա «ընդդիմադիր» լինելը: Միայն թե ՀՀԿ-ի աչքը չշեղվի իրենցից: Իրենք հարմարավետ ընդդիմության կծիկն են մանում: Որի մի ծայրը ՀՀԿ-ի ձեռքում է: