15.09.2017 20:32

Ռաֆայել Թեյմուրազյան. Տարկետում՝ ծառայության դիմաց

Ռաֆայել Թեյմուրազյան. Տարկետում՝ ծառայության դիմաց
Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքում գրում է.
 

Օգոստոսի 31-ին կառավարությունը հավանություն է տվել օրինագծի, որով առաջարկվում է վերացնել ուսման նպատակով տրվող տարկետումը։ Տարկետում կտրվի միայն այն ուսանողներին, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, իսկ ավարտելուց հետո կծառայեն առաջնագծում՝ 3 տարի ժամկետով։ Համալսարան չգնաս՝ կծառայես 2 տարի, գնաս՝ 3 տարի (առնվազն 260 հազար դրամ աշխատավարձով)։ 
Տարկետում կտրվի նաև կառավարության հատուկ որոշմամբ։ Նախորդ տարիներին կառավարության որոշմամբ տարկետում է տրվել Էջմիածնի միաբաններին, Երուսաղեմի սրբոց Հակոբյանց միաբաններին և ուսանողներին ու Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սաներին։

Խնդիրն այն չէ, որ ՀՀ կառավարության պատկերացմամբ, փաստորեն, արական սեռի ՀՀ քաղաքացին պետք է կամ զինվոր դառնա, կամ՝ քահանա։ Եթե իսկապես ՊՆ նպատակը, ինչպես ասվում է, բուհից հետո ծառայության մեկնածների ներուժն առավելագույնս արդյունավետ օգտագործելն է, ոչինչ չի խանգարում «Պատիվ ունեմ» ծրագրով առաջարկվող պայմանագիրն առաջարկել գործող օրենքի պայմաններում։ Մինչդեռ առաջարկվող փոփոխությունը զրկում է բուհում սովորելու ցանկություն ունեցողներին այլընտրանքից։ Եթե հրաժարվես ՊՆ հետ պայմանագիր կնքել՝ չես կարող սովորել, պետք է զորակոչվես։ Եթե պայմանագիր կնքես, մի քիչ կսովորես, բայց չես կարող շատ հեռուն գնալ՝ պետք է ծառայես, այս անգամ արդեն 3 տարի ժամկետով։

Օրենքի ուժի մեջ մտնելու դեպքում փոխվելու է ՀՀ ուսանողության սեռատարիքային կազմը, էապես իջնելու է ոչ միայն հասարակության, այլև հենց բանակի կրթական մակարդակը՝ իջեցնելով երկրի, հասարակության դիմադրողականության մակարդակը։ Միաժամանակ բանակը չի շահելու ոչինչ, որը հնարավոր չէ անել գործող օրենքի սահմաններում (սա կփորձեմ հիմնավորել ներքևում)։

Պատահական չէ, որ նախորդ 20 տարում «Զինապարտության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունն անելու բոլոր փորձերը ձախողվել են։ Առաջին նման փորձն արել է Վազգեն Սարգսյանը՝ 1997-ի հունիսին։ Այն ժամանակ նախագծի հիմնական ընդդիմախոս, ԱԺ նախագահ, ԵՊՀ դասախոս Բաբկեն Արարքցյանը հայտարարեց, որ եթե նախագիծն անցնի, ինքը հրաժարական կտա։ ԱԺ-ն «կողմ» քվեարկեց, Բաբկեն Արարքցյանը հրաժարական տվեց, խնդրին միջամտեց ՀՀ նախագահը, ԱԺ-ն չընդունեց Արարքցյանի հրաժարականը, իսկ Վազգեն Սարգսյանը հրաժարվեց իր նախաձեռնությունից։ 
Ուսման նպատակով տրվող տարկետման վերացման հաջորդ փորձը կատարել է Սերժ Սարգսյանը։ 2004-ին ԱԺ ներկայացված համապատասխան նախաձեռնությունը հանդիպեց ուսանողության դիմադրությանը. սկսվեցին զանգվածային դասադուլներ ու ցույցեր։ Ուսանողներին համոզելու նպատակով փետրվարի 25-ին ԵՊՀ ժամանեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Հանդիպման հենց սկզբում Սարգսյանի՝ «բոլորը պետք է ծառայեն» պնդումը հասկանալի դարձրեց, որ նախարարը հակափաստարկներ լսելու որևէ մտադրություն չունի, որից հետո ԵՊՀ ուսանողները զանգվածաբար լքեցին դահլիճը (նկարում): Արդյունքում պաշտպանության նախարարությունն այս անգամ էլ հրաժարվեց ուսանողներին զորակոչելու մտքից։

Հետագա տարիներին տարկետման իրավունքով հատկացվող տեղերի քանակը շեշտակիորեն նվազեց։ Այս տարի, օրինակ, հատկացվել է տարկետման իրավունքով ասպիրանտական 140 տեղ (բոլոր համալսարաններին միասին)։ Սա նշանակում է, որ բուհերում սովորող հազարավոր ուսանողներից ի վերջո բանակ չի գնում առավելագույնը 140 մարդ։ 140-ը շատ փոքր թիվ է՝ բանակում որևէ հարց լուծելու համար։ Հիմա նորից շրջանառության մեջ կդնեն «հիմնավորումները», թե ասպիրանտուրան բանակից խուսափելու միջոց է դարձել, կոռուպցիայի աղբյուր և չարիքի առանցք, դրա համար էլ որոշել են բոլորին զորակոչել բանակ։ Խնդիրը միայն այն չէ, որ այսպիսով խոստովանում են իրավապահ համակարգի ամլությունը, այլ նաև այն, որ ինչպես 2004-ին նկատել էր ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը՝ կրթության բնագավառում կոռուպցիայի մակարդակը շա՜տ հեռու է բանակում եղած կոռուպցիայի մակարդակից։

Գործող օրենքով ՀՀ արական սեռի քաղաքացիները ծառայում են ՀՀ զինված ուժերում ուսումն ավարտելուց հետո։ Նրանց մի մասը ծառայության է անցնում բակալավրիատից, մյուս մասը՝ մագիստրատուրայից հետո՝ բարձրացնելով նաև բանակի միջին կրթական մակարդակը։ Բանակ չեն գնում միայն այն անձինք, որոնք սովորում են ասպիրանտուրայում, պաշտպանում թեկնածուական թեզ և աշխատում իրենց մասնագիտությամբ։ Դրանց թիվը չի անցնում 140-ից։ Այսինքն՝ օրենքի փոփոխության արդյունքում բանակը թվային հավելում չի ստանալու, սակայն էապես իջնելու է զինծառայողների կրթական մակարդակը։
Այդ 140-ի մեջ, իրոք, զգալի թիվ են կազմում մարդիկ, որոնք ոչ մի առնչություն չունեն ո՛չ գիտության, ո՛չ գիտելիքի հետ։ Նմանօրինակ «գիտնականների» պակաս իսկապես չկա՝ Էդուարդ Շարմազանով, Կարեն Ավագյան և այլն։ Սակայն 140-ի մեջ են նաև այնպիսի մարդիկ, որոնք Հայաստանը ներկայացնում են համաշխարհային տարբեր գիտական մրցույթներում, կոնֆերանսներում, օլիմպիադաներում ու բոլորովին էլ վատ չեն ներկայացնում, հատկապես եթե հաշվի առնենք ֆինանսական միջոցների գրեթե զրոյական մակարդակը։ Պետությունն այդ մարդկանց տեղը և հատկապես գինը չգիտի։ Ի վերջո, նրանց մեծ մասն էլ արտագաղթում է՝ աշխատանք գտնելով օտարերկրյա համալսարաններում ու գիտական կենտրոններում։ Այնպես որ խնդիր իսկապես կա, բայց դա բոլորովին այլ տեղ է պետք փնտրել։

Կառավարության մոտեցումը հասկանալի է դառնում, եթե ընդունում ենք, որ Հայաստանում գիտության մարդիկ Տարոն Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի ու Սուրիկ Խաչատրյանի որակի են (նրանք բոլորը գիտական աստիճան ունեն), որոնց ինչո՞ւ չպիտի զորակոչել որ։ Մինչդեռ նախագծի օրենք դառնալու դեպքում 15 տարի հետո Հայաստանում անգրագիտության մի այնպիսի հրավառություն է լինելու, որ Տարոն Մարգարյանն ու Սուրիկ Խաչատրյանն իսկապես կարող են գիտնական ընկալվել։

Ասելու են՝ եթե մարդ ուզում է սովորել, բանակից հետո կընդունվի բուհ։ Ունեք համապատասխան վիճակագրություն, զինվորների քանի՞ տոկոսն է ծառայությունից հետո համալսարան ընդունվել։ Այդ թիվը շատ փոքր է, որովհետև նախ կրթության շարունակականությունն է խախտվում, հետո էլ կրթությունը որպես ներդրում չի ընկալվում։ Հիմա պատկերացրեք, թե այս նախագծի օրենք դառնալու դեպքում 15 տարի հետո ՀՀ արական սեռի քաղաքացիների քանի տոկոսն է տարրական գրագիտության մակարդակ ունենալու։