16.09.2017 15:30

Գեւորգ Նալբանդյան. Լապշին-նամե

Գեւորգ Նալբանդյան. Լապշին-նամե

Ադրբեջանում ներման արժանացած Ալեքսանդր Լապշինն արդեն Իսրայելում է եւ առաջին գրառումներն է արել: «Եթե դուք Ղարաբաղը կորցնեք, նրանք կգան եւ ձեզ կմորթոտեն»,- ասել է նա՝ դիմելով մեզ: Եւ բոլոր լրատվամիջոցները՝ «Արմենպրես» պետական գործակալության գլխավորությամբ, «կայծակ» գրիֆով տարածում-տիրաժավորում են այդ խոսքը: Եւ ֆեյսբուքահայությունը հերոսացնում է Լապշինին: Եւ գրառումներ են անում մոտավորապես այն ոգով, թե՝ տեսնու՞մ եք, նույնիսկ հայտնի բլոգերն է ասում, որ հայ-ադրբեջանական հաշտություն չի կարող լինել:

Ստացվում է, որ եթե Լապշինը Բաքվի բանտերում մի քանի ամիս չանցկացներ, ներում չստանար, դրա համար Ալիեւին երախտագիտական նամակ չգրեր, չվերադառնար Իսրայել եւ այնտեղից չասեր, որ Ադրբեջանում մտադիր են «բոլոր հայերին մորթել», հայ-ադրբեջանական հաշտության մասին խոսելն իմաստ կունենար, բայց քանի որ Լապշինը տեսել եւ հասկացել է, որ ադրբեջանցիների մտքին միայն հայերին ոչնչացնելն է, ուրեմն ի՞նչ իմաստ ունի խաղաղության ձգտելը: Լապշինն ասել է՝ «հայեր, դիմացեք», հետեւաբար բոլորս պիտի անսանք նրա կոչին ու ոչ միայն դիմանանք, այլեւ մեծից մինչեւ փոքր, տղամարդ, թե կին՝ զինվենք ինչով կարող ենք, որպեսզի երբ «նրանք գան մեզ մորթոտելու», կարողանանք դիմադրել:

Մեկը չկա՝ տրամաբանի, թե Լապշինն ինչու՞ ազատությունը վայելելու, առողջությունը վերականգնելու փոխարեն, հենց առաջին օրն սկսել է համացանցային գրառումներով եւ հատկապես՝ Ղարաբաղի, հայերի հանդեպ ադրբեջանցիների թշնամանքի թեմաներով: Լապշինի ի՞նչ գործն է՝ հայերն ու ադրբեջանցիները կկռվե՞ն, թե՞ կհաշտվեն: Կամ՝ ինչպիսին կլինի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: Մեկը չկա՝ դատի, թե Ադրբեջանի ինչի՞ն էր պետք Լապշինի գործը, եթե վերջում պիտի ներում շնորհեին նրան եւ առոք-փառոք ճանապարհեին Իսրայել: Այս գործի տողատակերը մութ են, ինչպես եւ՝ Լապշինի ով լինելն ու ինչ առաքելություն ունենալը: Եւ հարկ չկա նրանից հայ ժողովրդի «մեծ բարեկամի» կամ տառապյալի կերպար ստեղծել: Մանավանդ հայտնի չէ, թե իրականում ինչի համար է նա ազատ արձակվել, եւ ինչ նպատակի են ծառայելու նրա հետագա գրառումներն ու գործունեությունն առհասարակ:

Խաղաղության եւ հաշտության մասին խոսել՝ չի նշանակում սարսափած լինել, որ հակառակ դեպքում ադրբեջանցիները «մեզ կմորթոտեն»: Ճիշտ այդպես էլ նման ստերեոտիպի քարոզչությունը, որ եթե գնանք խաղաղության, ադրբեջանցիները «մեզ կմորթոտեն», չի ենթադրում ոչ բարձր հայրենասիրություն, ոչ պատերազմի պատրաստվածություն: Լապշինը փետրվար ամսից գտնվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ձեռքում: Եւ շատ հավանական է, որ ազատության դիմաց որոշակի պարտավորություններ է ստանձնել: Եւ քանի որ նա, այսպես ասած, քարոզչական «ճակատի զինվոր է», հետեւաբար անելիքը պետք է դրսեւորի համացանցային գրառումների տեսքով: Տպավորություն է, որ նա արդեն սկսել է: Բայց թե ինչու՞ է հայկական մեդիա-հանրությունը դրանից հաճույք զգում՝ արտառոցը դա է: Գոնե մի քիչ համբերեին: