18.09.2017 11:42

Վահան Բիչախչյանի դուբլն ու գոլային փոխանցումը չօգնեցին «Ժիլինայի» երկրորդ թիմին հաղթել(տեսանյութ)

Վահան Բիչախչյանի դուբլն ու գոլային փոխանցումը չօգնեցին «Ժիլինայի» երկրորդ թիմին հաղթել(տեսանյութ)

Սլովակիայի երկրորդ լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրի շրջանակներում «Ժիլինայի» երկրորդ թիմը սեփական հարկի տակ մրցեց «Սերեդի» հետ և պարտվեց 3:4 հաշվով: Տանտերերի կազմում արդյունավետ խաղով աչքի ընկավ Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը: «Շիրակի» նախկին խաղացողը դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

  • Սա առաջին դուբլն էր Վահան Բիչախչյանի «Ժիլինայի» երկրորդ թիմի կազմում
  • Վահան Բիչախչյանն իր երրորդ գոլը խփեց «Ժիլինայի» երկրորդ թիմի կազմում
  • Վահան Բիչախչյանն առաջին գոլային փոխանցումը կատարեց «Ժիլինայի» երկրորդ թիմի կազմում

«Ժիլինան» հաշիվը բացեց 11-րդ րոպեին, անկյունայինից գոլային փոխանցումը կատարեց Վահան Բիչախչյանը: Հյուրերը շատ արագ կարողացան պատասխանել, սակայն 26-րդ րոպեին կրկին գնդակ բաց թողեցին: Խորքից լայնակի փոխանցում ստանալուց հետո, Վահան Բիչախչյանն ընդունեց գնդակը, կտրեց անկյունն ու դիպուկ հարվածով  առաջ մղեց իր թիմին: 18-ամյա ֆուտբոլիստը 4 րոպե անց ևս մեկ անգամ աչքի ընկավ: Ստանալով գնդակն աջ եզրում, գեղեցիկ հնարքով ձերբազատվեց մրցակցի հսկողությունից ու իրեն բնորոշ ոճով դիպուկ հարվածով գրավեց դարպասի հեռավոր անկյունը:

Ընդմիջումից հետո հյուրերն օգտվեցին տանտերերի պաշտպանների սխալներից ու շատ արագ հավասարեցրեցին հաշիվը, իսկ հետո խփեցին հաղթական գոլը:

Նկատենք, որ առաջին կեսում մարզիչները Վահան Բիչախչյանին վստահել էին աջ եզրը և 18-ամյա խաղացողը կարողացավ գոլեր խփել: Երկրորդ կեսում նրան տեղափոխեցին ձախ եզր, իսկ երբ թիմն արդեն պարտվողի դերում էր՝ կենտրոն:

Կայացած 8 տուրից հետո «Ժիլինայի» երկրորդ թիմը վաստակած 18 միավորով կիսում է 2-3-րդ տեղերը: