19.09.2017 11:54

ՌԴ մշակույթի նախարարության խորհուրդը հետաքրքրված է Ստալինի մասին կատակերգությամբ

ՌԴ մշակույթի նախարարության խորհուրդը հետաքրքրված է Ստալինի մասին կատակերգությամբ

Ըստ Ռուսաստանի մշակույթի նախարարությանը կից խորհրդի ղեկավար Պավել Պոժիգայլոյի՝ խորհուրդը մեծ ուշադրություն է հատկացնելու «Ստալինի մահը» բրիտանական կինոկատակերգությանը, որը պատկերում է սովետական վերնախավի կյանքը Ստալինի օրոք, և լրացուցիչ փորձաքննությունից հետո կարող է հանձնարարել ֆիլմին չտալ վարձութային վկայական: Պոժիգայլոյի կարծիքով՝ ֆիլմում կարող են լինել պատմական փաստերի խողաթյուրման դրվագներ:

«Եթե ֆիլմում ակնարկ լինի Իոսիֆ Վիսարիոնովիչի կամ Նիկիտա Սերգեևիչի (Խրուշչով) ինչ-որ սիրո ակնարկ,- արևմտյան ֆիլմերում նման բաներ լինում են,- ապա, հավանաբար, դա այնքան էլ թույլատրելի չի լինի»,- BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցի ընթացքում ասել է Պոժիգայլոն:

Խորհրդի ղեկավարը մտավախություն է հայտնել, թե ֆիլմը կարող է զայրացնել կոմունիստներին, որոնք կպահանջեն արգելել այն, իսկ եթե կինոնկարը չարգելվի, ապա կարող են դիմել ծայրահեղ քայլերի:

Բրիտանացի կինոռեժիսոր Արմանդո Իանուչիի «Ստալինի մահը» կինոկատակերգությունն էկրան է բարձրացել նախանցյալ շաբաթ: Կինոժապավենի գլխավոր հերոսներ են դարձել Նիկիտա Խրուշչովը, որի դերը կատարում է Սթիվ Բուշեմին, Վասիլի Ստալինը (Ռուփերտ Ֆրենդ), Գեորգի Ժուկովը (Ջեյսոն Այզեքս) և այլք:

Փոխանցում է BBC-ն: