19.09.2017 14:02

Գորբաչովն արժանացել է «Առյուծի մրցանակի»

Գորբաչովն արժանացել է «Առյուծի մրցանակի»

ԽՍՀՄ նախկին նախագահ, 85-ամյա Միխայիլ Գորբաչովն արժանացել է 2017 թ. «Առյուծի մրցանակի», որը շնորհում է Human Projects (Մարդասիրական ծրագրեր) բարեգործական կազմակերպությունը «Խաղաղության և հաշտության գործում ունեցած վաստակի համար»:

Մրցանակի արժանացնելու որոշման մեջ նշվում է, որ «Միխայիլ Գորբաչովը մեր ժամանակների ամենանշանակալի  քաղաքական գործիչներից մեկն է: Նրա խիզախության շնորհիվ հաղթահարվել է այն ժամանակի ամենամեծ սպառնալիքը՝ սպառազինության ատոմային մրցավազքը և Եվրոպայում ատոմային պատերազմի սանձազերծումը»:

Նշվում է, որ իր գործունեության ընթացքում Գորբաչովը կոչ է անում «սթափվել և, ի վերջո, հրաժեշտ տալ ազգայնական մտածելակերպին ու ազգային եսասիրությանը և միջազգային հարաբերություններում ուժի չկիրառումը դնել առաջին տեղում»:

Գորբաչովի ցանկությամբ՝ մրցանակի դրամական մասը՝ 5 հազար եվրոն, կփոխանցվի Սանկտ Պետերբուրգում իր տիկնոջ՝ Ռաիսա Գորբաչովայի անունը կրող հիվանդանոցին: Այդ գումարով երկու բժիշկ կարող են վերապատրաստում անցնել Շթութգարդի մանկական ուռուցքաբանական կլինիկայում:

1990 թ. Գորբաչովն արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի:

Փոխանցում է Interfax-ը: