19.09.2017 14:28

Կրտսեր Դոնալդ Թրամփը հրաժարվել է գաղտնի ծառայության մշտական պաշտպանությունից

Կրտսեր Դոնալդ Թրամփը հրաժարվել է գաղտնի ծառայության մշտական պաշտպանությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդին հրաժարվել է գաղտնի ծառայության շուրջօրյա պահպանությունից, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների:

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ նախագահի ավագ որդու պահպանությունը հանվել է դեռ անցյալ շաբաթ:

«Ըստ տեղեկությունների՝ կրտսեր Թրամփն ուզում է ունենալ ավելի մեծ անձնական տարածք, քան այն ժամանակ, երբ գտնվում էր մի շարք գործակալների հսկողության տակ, որոնք ամեն քայլափոխի հետևում էին իրեն»,- գրում է պարբերականը:

Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք հատուկ ծառայությունների հսկողության տակ կշարունակեն մնալ կրտսեր Թրամփի կինը և հինգ զավակները:

Օգոստոսին ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավար Ռենդոլֆ Ալլեսը հայտարարել է, որ կառույցի գումարները չեն հերիքում անվտանգության ծառայության գործակալների հավելյալ աշխատանքը վարձատրելու համար, քանի որ պետության ներկա ղեկավարը չափազանց բազմանդամ ընտանիք  ունի և բավական տպավորիչ քանակով անշարժ գույք: Նրա խոսքով՝ մինչև օգոստոս իր գերատեսչությունը լրացուցիչ աշխատանքի համար ավելի քան հազար աշխատակցի այնքան գումար է վճարել, ինչը նախատեսված էր մեկ տարվա համար: Ալլեսը նշել է, որ այժմ Գաղտնի ծառայության պաշտպանության տակ է Թրամփի թիմից 42 մարդ, որոնցից 18-ը՝ նրա ընտանիքի անդամները: Մինչդեռ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք գործակալներն ապահովում էին ընդամենը 31 մարդու անվտանգությունը:

Փոխանցում է Interfax-ը: