19.09.2017 16:44

Արսեն Գրիգորյան. Քոսոտ ձին

Արսեն Գրիգորյան. Քոսոտ ձին

Մինչեւ 2040-ը 4 միլիոն մարդ պետք է ապրի Հայաստանում: Նվազագույնը: Խիստ իրականանալի ծրագիր է: Սա նշանակում է, որ մինչեւ 2040-ը Հայաստանում չպետք է կեղծվեն ընտրություններ, պետք է լուծված լինի հայ-ադրբեջանական հակամարտությունը, պետք է բացվեն սահմանները, մամուլը պետք է լինի ազատ, տնտեսական մենաշնորհները պետք է դառնան քրեորեն հետապնդելի, եւ եկող իշխանությունը պետք է հանգիստ թողնի Սահմանադրությունը:

Գոնե մինչեւ 2040-ը բարձրաստիճան որեւէ պաշտոնյա պետք է կանգնի դատարանի առաջ, որպեսզի վերադարձողը հասկանա, որ անձեռնմխելիներ չկան: Մի խոսքով, Հայաստանը հայի համար պիտի դառնա երազանքների պետություն: Ընդ որում, ծնունդով 4 միլիոնի հարցը հնարավոր չէ լուծել, պետք է մարդիկ վերադառնան: Իսկ հեռացողները կվերադառնան միայն վռնդվելու դեպքում, այսինքն, ոչ թե կվերադառնան, այլ արտահանձնվող հանցագործի պես կհանձնվեն Հայաստանին: Որովհետեւ չի լինում այնպես, որ Սահմանադրություն փոխես, որպեսզի շարունակես լինել պետության առաջին դեմքը, իսկ դա նշանակում է, որ կեղծելու ես հաջորդ համապետական ընտրությունը, որպեսզի կրկին քո նեխած կուսակցությունը դառնա կայուն մեծամասնություն, դա նշանակում է, որ կրկին քո հագով ընդդիմություն ես կարելու խորհրդարանում, որ կրկին հոխորտալու ես, թե առանց ինձ Ղարաբաղի հարցը չի լուծվի: Իսկ դա նշանակում է, որ դու մտադիր չես լուծել Ղարաբաղի հարցը, որի անլուծելիությունն էլ քեզ պահում է իշխանության ղեկին:

Ուրեմն ինչպե՞ս ես Հայաստանի բնակչության թիվը 2040-ին դարձնում 4 միլիոն: Դա նույնն է, որ 63-ամյա մահամերձը հայտարարի, որ 13 տարի հետո կդառնա 25 տարեկան: Չմեռնել, իհարկե, հնարավոր է, մահվանը մերձ լինելն անշեղորեն մահ չէ: Կամ հրաշք է պետք, կամ բժշկության լավագույն նվաճումների համադրություն: Երբեմն նույնիսկ օրգանիզմն է անակնկալ գտնում դիմադրողականության ռեսուրսներ: Բայց 25 տարեկան դառնալն ուղղակի բացառվում է: Հայաստանը ագրեսիայի մեջ է, ընդ որում՝ ինքն իր հանդեպ ագրեսիայի: Ոչ ոք չի խրախուսում, որ հայ ընտրողը կաշառք վերցնի, հայ ոստիկանը երեխա ձերբակալի, ամեն ինչ տեղի է ունենում ինքնահոսով: Նյութափոխանակությունը կորցրած օրգանիզմի ամբողջ խախտվածությամբ: Հայաստանը չունի որեւէ նպատակ:

Մարդը, որը խոսել է 2040-ին Հայաստանի բնակչությունը 4 միլիոն դարձնելու մասին, մարգարե չէ, նա արեւելյան այն շահի հեռատեսությունն ունի, որը քոսոտ ձիու մեջ տեսնում էր լավագույն աշխետին: Բայց այդ շահը մինչ այդ ոչինչ չի ձախողել: Այդ շահը պետություն չի հավասարեցրել հողին եւ մի քոսոտի մեջ ճանաչել լավագույնին: Այդ շահը իր կառավարման ամբողջ ընթացքում չէր ստեղծել մի պետություն, որտեղից փախչում են խուճապահար, իսկ ինքը դեռ ծրագրեր ունի ժողովրդագրությունը բարելավելու: Այդ շահն արդեն իսկ ուներ պետություն, որն իր ապագան գիտեր դեմքով: Մեր «շահն» այդպիսի պետություն չունի: Մեր «շահի» դեմքից է երեւում, որ նրա տեսադաշտում նույնիսկ հարեւան թաղամասը չկա՝ որպես պետության մասնիկ, ուր մնաց՝ մի ամբողջ պետություն: Այնպես որ 4 միլիոնանոց Հայաստանի համար պետք է առնվազն մեկ հոգի, որն իր կառավարման ամբողջ ընթացքում չի ստել: Եվ պետք է մի կառավարություն, որի գլխին կանգնած մեկը իր «պետք է»-ները ոչ թե կհնչեցնի աստվածաշնչյան «երանի»-ների նման, այլ կբացի ու Սահմանադրության մեջ կկարդա, որ չկա այլ «պետք է», բացի մեկից՝ պետք է աշխատել: