19.09.2017 16:56

Վահան Թումանյան. Եւ սփյուռքն ասաց...

Վահան Թումանյան. Եւ սփյուռքն ասաց...

Անկախության տարեդարձին ընդառաջ Հայաստան-Սփյուռք համաժողով է: Բեմում Հայաստանի եւ Ղարաբաղի նախագահներն են, Ամենայն հայոց եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսները: Սփյուռքի նախարարը դիջեյի դերում է: Խոսքե՜ր, խոսքե՜ր, խոսքե՜ր... Իսկ դահլիճում մարդիկ ակնհայտորեն ձանձրանում են:

Ինչու՞ են գումարվում այդ համաժողովները, ի՞նչ է ուզում հայրենիքը սփյուռքից, սփյուռքի ակնկալի՞քը որն է: Անպատասխան հարցեր: Եւ մի սրահում հարյուրավոր մարդկանց միաժամանակյա ներկայությունը դեռեւս երաշխիք չէ, որ նրանք միմյանց հասկանում եւ բոլորով մի նպատակի հետամուտ են: Ավելի ճիշտ՝ հակառակն է, նրանք իրար մինչեւ վերջ չեն կարողանում համբերատար լսել: Որովհետեւ ի՞նչ ընդհանրություն կարող է լինել պոլսահայի եւ ռուսաստանաբնակ հայի, ֆրանսահայի եւ լիբանանահայի, սփյուռքահայի եւ հայրենաբնակի միջեւ: Նրանք տարբեր միջավայրի ներկայացուցիչներ են, դավանում են քաղաքակրթական տարբեր արժեքներ: Նրանք հայ են միայն էթնիկ ծագման բերումով կամ դավանանքով: Մյուս բոլոր դեպքերում մեկն ամերիկացի է, մյուսը՝ կանադացի, երրորդը՝ ռուսաստանցի, չորրորդը՝ ֆրանսիացի: Նրանք բոլորը խոսում են Հայաստանի եւ հայրենիքի մասին, բայց յուրաքանչյուրն ունի երկրի իր պատկերացումը, փայփայած կերպարը: Նրանց նույնիսկ Արարատի բիբլիական պատկերը չի միավորում: Նրանց միջեւ եթե ընդհանուր մի բան կա, ապա՝ աշխարհից նեղացածությունը: Որովհետեւ նրանք արդեն վաղուց կորցրել են Արեւմտյան Հայաստանի իրական հուշը, եւ Թուրքիան նրանց համար նույնիսկ զբոսաշրջային երկիր չէ, այլ՝ թշնամական գոյություն, որից անընդմեջ երես են թեքում՝ որքան հնարավոր է: Եւ որքան կորսվում է Արեւմտյան Հայաստանի կերպարը, նույն չափով էլ աղարտվում է Հայաստանի նրանց ընկալումը, քանի որ դա նրանց երազանքը չէ:

Պիտի միջոց եւ հնարավորություն դառնար Հայաստա՛նը, այնինչ օրախնդիր հարցեր իսկ չի կարողանում լուծել: Այդ համատարած փլուզումների մեջ դեռեւս մի լուսավոր կետ կա՝ Ղարաբաղը, որ պետք է մարմնավորեր բոլոր վերագտնումները, բայց այդպես էլ չի կարողանում, որովհետեւ «կենտրոն» դառնալու կամք չի դրսեւորում: Հակառակը, շարունակում է ապավինել սփյուռքին՝ անվերջ հուսալով, որ նա ուժ է: Ուժն ինքն է՝ Ղարաբաղը, չի համարձակվում ասել: Դիվանագիտորեն սպասում է, որ իրեն ըստ արժանվույն գնահատեն:

Այս խորհրդաժողովի կարեւորությունն այն է, որ սփյուռքը վերջապես ազնվորեն խոսեց եւ խոստովանեց, որ ավելի շատ ինքն է հայրենիքի՝ Հայաստանի եւ Ղարաբաղի կարիքն զգում, քան կարող է ինչ-որ բան տալ: Այդ անկեղծության համար նրան պետք է մեծ երախտագիտություն հայտնել եւ փոխադարձաբար վստահեցնել, որ իր անփոխարինելիությունը հանգանակած գումարների մեծությունը չէ, եւ նույնիսկ հայրենանպաստ լոբբինգը չէ: Սփյուռքը սիրելի է որպես ազգային ինքնության «երկրորդ երես»: Սփյուռքը երեկվա մեր վրիպումների արթուն ներկայությունն է, որ անվերջ հիշեցնում է, թե այլեւս սխալվելու իրավունք չունենք: Համազգային ինչ-որ «կառույց»  ստեղծելու կարիք չկա, որպեսզի հասկանանք՝ սփյուռքի գոյությունը շարունակվող վրիպումներով է արդարացվում: Սփյուռքն ասաց, որ հարկավոր է կանգ առնել: Ցանկացած միֆ ինչ-որ ժամանակ պսակազերծվում է: Չպետք է լինի Հայաստան-Սփյուռք խորհրդաժողով, որովհետեւ հայրենիքը եւ գաղութները համարժեք մեծություններ չեն: Արդեն որերորդ անգամ է՝ սփյուռքը դա է ասում: Ինչքա՞ն կարելի է կախվել սփյուռքի փեշերից: Պետք է գա հայրենիքով սփյուռքին մխիթարելու, հայրենիքով սփյուռքին սփոփելու ժամանակը...