19.09.2017 16:57

Շվեյցարիայում մի քանի տասնյակ հազար եվրո նետել են զուգարանակոնքը

Շվեյցարիայում մի քանի տասնյակ հազար եվրո նետել են զուգարանակոնքը
PA/GETTY

Շվեյցարացի դատախազները հետաքննություն են սկսել այն բանից հետո, երբ Ժնեւում տասնյակ հազարավոր եվրոյի թղթադրամներ զուգարանակոնքն են նետվել:

500 եվրո անվանական արժեքով թղթադրամները հայտնաբերվել են UBS բանկի բաժանմունքի եւ մոտակայքի ռեստորանների զուգարաններում:

Թղթադրամները, որոնցից շատերը մկրատով կտրատված են, գտնվել են մի քանի ամիս առաջ, սակայն դրա մասին իրավապահներն իմացել են միայն վերջերս:

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ կոյուղու խողովակները թղթադրամներից մաքրելու համար մի քանի հազար շվեյցարական ֆրանկ է ծախսվել:

ԵՄ իշխանությունները մտադիր են 500 եվրոյանոց թղթադրամները դուրս բերել շրջանառությունից` դրանք անօրինական գործարքներում հաճախակի կիրառելու պատճառով:

Նախատեսվում է, որ թղթադրամները շրջանառությունից ամբողջովին դուրս կգան 2018-ին: