20.09.2017 11:39

Պաուլո Դիբալա. «Մեսսին իր պատմությունն ունի, ես՝ իմ»

Պաուլո Դիբալա. «Մեսսին իր պատմությունն ունի, ես՝ իմ»

Պաուլո Դիբալային կրկին սկսել են համեմատել Լիոնել Մեսսիի հետ: Քննարկումները թեմայի շուրջ շատացան Դիբալայի հերթական հեթ-տրիկից հետո, որը նա ձևակերպեց Իտալիայի ընթացիկ առաջնության «Սասուոլոյի» հետ խաղում:

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալայի երկրորդ հեթ-տրիկն էր, անցկացրած 4 խաղում արդեն խփել է 8 գոլ, մինչդեռ Լիոնել Մեսսին Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 4 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ:

Ամռանը շատ էին խոսակցություններն այն մասին, որ «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Պաուլո Դիբալային: Ըստ լուրերի՝ Դիբալայի հնարավոր տրանսֆերն ապագայի համար էր, «Բարսայում» Պաուլոյին տեսնում էին որպես Մեսիին փոխարինող: Չնայած դրան թուրինցիների ղեկավար կազմի անդամ Ջուզեպե Մարոտան հայտարարել է, որ տրանսֆերային պատուհանի ընթացքում ոչ մի առաջարկ չեն ստացել Դիբալայի հետ կապված:

2015 թվականին Պաուլո Դիբալան «Պալերմոյից» է տեղափոխվել «Յուվենտուս», թիմի կազմում երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն ու գավաթակիր:

  • Ինչպես արդեն նշել եմ, Մեսսին իր պատմությունն ունի, ես՝ իմ: Տարբեր ֆուտբոլիստներ ենք, նա շատ տիտղոսներ է նվաճել, հուսով եմ ես նույնպես դա կանեմ,- հայտարարել է Դիբալան:

Այս հարցի շուրջ իր տեսակետն է հայտնել Իտալիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասսանոն:

  • Ինձ համար Մեսսին ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողն է և չեք կարող նրան համեմատել որևէ մեկի հետ, գուցե, մի փոքր Կրիշտիանու Ռոնալուի: Դիբալան հիանալի ֆուտբոլիստ է, բայց նա Մեսսի չէ: Դիբալան ինձ հիշեցնում է Մոնտելային: Նա հիանալի տեխնիկա ունի, ուժեղ է, խելացի և խփում է շատ գոլեր, ինչպես Մոնտելան: Վերջինս 150 գոլից ավելի է խփել, արտակարգ խաղացող էր,- նշել է Կասսանոն: