20.09.2017 13:54

Քրիստինե Խանումյան. Պահել շարքային Հակոբյանին

Քրիստինե Խանումյան. Պահել շարքային Հակոբյանին

Երբ տոտալ արտագաղթի ֆոնին հռչակում ես Հայաստանը 4 միլիոն բնակչությամբ երկիր դարձնելու ծրագիր, բոլորին ակնհայտ է, որ ծրագիրը սուտ է, անկեղծ չէ:

Որովհետեւ եթե դու ոչինչ չես անում արտագաղթը կանխելու համար, ներգաղթ չես ունենա: Երբեք:

4 միլիոնն ընդհանրական թիվ է: Անանուն: Անդեմ: Անհոգի: Զանգված: Դու այնտեղ ոչ մեկի անունը չես կարող տալ, ոչ մեկի պատմությունը չես պատմի, չես իմանա, թե ով ում սիրեց, եւ ով ում հարազատն է, չես իմանա, որովհետեւ այդ 4 միլիոն թիվն ընդամենը թիվ է` հռչակված: 4 միլիոնի մեջ չգիտես` ով երբ ծնվեց, եւ ով երբ լքեց մեզ, ով այսօր շնորհակալ եղավ բախտին` մի կտոր հաց ունենալու, եւ ով անիծեց ճակատագրին` հերթական դժվարությանը կամ գուցե դժբախտությանը դեմ-դիմաց հանդիպելու համար: 4 միլիոնը թղթին հանձնված ծրագիր է, որտեղ չկա մարդկային եւ ո՛չ մի պատմություն:

4 միլիոնը ընդամենը թիվ է, որովհետեւ այն հռչակած վերջնանպատակ է, ոչ թե առանձին՝ մեկ եւ մեկ եւ մեկ մարդու հանրագումար:

Դու երբեք չես ունենա 4 միլիոնը, քանի դեռ թքած ունես ամեն մարդու վրա առանձին: Քանի դեռ շարքային Հակոբյանը սպասում է ծառայության ավարտին, որ հետո` հայրենիքի հանդեպ պարտքը կատարած համարելով, ուսերին բարձի ողջ հուսահատությունն ու ապագայի հանդեպ հավատի վերջին բուռը շալակած՝ գնա խոպան, դու երբեք չես ունենա 4 միլիոն բնակչություն, անգամ եթե շատ ցանկանաս:

Ինքը հերոս չէ, բայց գիտի, վստահ է, որ հարկ եղած դեպքում ինքը ոչ միայն 80-ականների զենքով կկռվի, այլեւ` բահով, բայց չի հասկանում, թե ինչպես է ստացվում, որ իր զենքը 80-ականների է, իսկ իր հրամանատարների ավտոմեքենաների պարկն ու տները թարմանում եւ ընդլայնվում են լույսի արագությամբ:

Երեք օր շարունակ անհարմար ավտոոբուսով «ռուսաստաններ» գնացող գառնեցին անուն ունի, ընտանիք ունի, հայրենիքի եւ պետության հանդեպ սիրուց զատ` նաեւ բազմաթիվ վարկեր ու խնդիրներ, ինքը պատմություն ունի, որը ցանկանում է փոխել օտար հայրենիքում, որովհետեւ աղքատությանը կդիմանա, դժվարություններին կդիմանա, անարդարությանը դիմանալու էլ ժամանակ չունի սակայն:

Եվրոպական երկրների դեսպանատների դիմաց շաբաթներ անցկացրած ու արեւից սեւացած արտաշատցի Վարսենիկն էլ պատմություն ունի, եւ եթե նրան մուտքի արտոնագիր չտան, ինքն այլ տարբերակ հաստատ կգտնի Եվրոպայի սահմանը հատելու եւ այնտեղ ապաստան խնդրելու համար: Թեկուզ եւ անարդար ճանապարհով, որովհետեւ հույս ունի, որ դա կլինի իր կյանքի վերջին անարդարությունը, եւ այնտեղ՝ «եվրոպաներում», ինքը վերջապես արդարություն կգտնի եւ իրեն քաղաքացի կզգա: Նա, իհարկե, հետո կկարոտի իր քաղաքն էլ, իր նախկին տունն էլ, բայց չի կարոտելու Հ1-ի Հայաստանը, որտեղ կան իշխանություններ, նրանց կից անձինք եւ մնացած բոլորը, ովքեր լավ են ապրում, արդար երկրում են ապրում, սակայն չգիտեն այդ մասին եւ հանիրավի բողոքում են:

Ինքն, իհարկե, չի ցանկանում, որ իր հայրենիքը աղքատ լինի, ինքն ուղղակի չի հասկանում, թե ինչպես կարող են իշխանավորները հարստանալ աղքատ երկրում, իսկ իր նմաններն ավելի ու ավելի վատ ապրեն, եւ արդարություն փնտրեն ոչ թե դատարաններում, այլ ՀՀԿ-ական որեւէ մեկի դուռը բախելով:

Եւ չորրորդ դասարանում սովորող փոքրիկ տղան, որն իրենց գյուղի դպրոցի 30 աշակերտներից մեկն է, եւ իրենց դասարանի միակ տղան, երբ երազում է, որ մեծանա՝ ոչ թե համալսարան է գնալու, այլ խոպան, ինքն իր միամիտ ազնվությամբ ջարդում է բոլոր 4 միլիոնները, որովհետեւ նրա ձեռքը բռնող չկա, որովհետեւ 4 միլիոն բնակչություն ունենալու ծրագիրը հռչակածները չեն բռնում նրա ձեռքն ու չեն ասում` փոքրիկ, մի գնա, քո մնալն ավելի կարեւոր է, քան մեր միլիոնանոց ծրագրերը:

Չեն ասում, որովհետեւ դրա համար նաեւ պիտի ջարդեն իրենց իսկ ստեղծած անարդարության անիվը, որն այլեւս կանգ չի առնում:

4 միլիոնանոց Հայաստան եք ուզո՞ւմ: Իրո՞ք: Այդ դեպքում սկսեք հակառակ կողմից: Գնացեք գնացողների հետեւից եւ պահեք նրանց: Երբ կջարդեք ամենակուլ անիվի երախը, երբ գետնի տակ թաղված արդարությունը կհանեք դուրս, երբ կկարողանաք պահել գնացողներին, եկողներն իրենք կգան: Առանց ձեր կոչերի: