20.09.2017 16:33

Արամ Մանուկյան. Անկախությունն այսօր «անանկախականների» ձեռքում է

Արամ Մանուկյան. Անկախությունն այսօր «անանկախականների» ձեռքում է

Հայաստանի անկախության գործընթացն այսօր «անանկախականների» ձեռքում է, մարդիկ, որոնք մեծացել են «ադրբեջանական», սովետական մտածելակերպով, կոմունիստ լինելով` պաշտոնների են հասել և չեն կրում անկախության արժեքները. լրագրողների հետ  հանդիպանն ասաց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը: Նրա խոսքով, այսօր «սրբխեչը ավելի մեծ շուքով են տոնում, քան Անկախության տոնը»:

Մանուկյանը շեշտեց, որ իր ասածը սոսկ էմոցիոնալ խոսքեր չեն` կան շատ տեսանելի ապացույցներ, թե ինչպես է գործող իշխանությունը քայլ առ քայլ հանձնում Հայաստանի ինքնիշխանությունը` ավերելով անկախության երեք հիմնասյուները` կրթությունը, պետական լեզուն եւ տեղական ինքնակառավարման համակարգը:

Այնուհանդերձ, նրա խոսքով, այս ամենին զուգահեռ՝ կա երիտասարդ սերունդ, որը երկրի ներկան ու ապագան է։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն իր հերթին նշեց, որ անկախությունն ինքնին արժեք չէ` անկախությունը միջոց է, որպեսզի երկրում ապրող յուրաքանչյուր քաղաքացի իր եւ իր երեխաների համար ազատ զարգանալու պայմաններ ստեղծի` անկախ ազգությունից: