21.09.2017 10:15

Արկադի Անդրեասյանը որակազրկվեց 2 տարով

Արկադի Անդրեասյանը որակազրկվեց 2 տարով

Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը՝ կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի գլխավորությամբ:

Օրակարգի կարևորագույն հարցը բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի «Արարատ» - «Գանձասար-Կապան» հանդիպման խաղավերջում տեղի ունեցած միջադեպն էր:

Հիշեցնենք, որ խաղի ավարտից րոպեներ առաջ հանդիպման գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանը խաղադաշտից հեռացրել էր երևանցիների ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանին, սակայն վերջինս հրաժարվել էր լքել տեխնիկական գոտին: Այդ պատճառով հանդիպումը դադարեցվել էր ժամանակից շուտ:

Կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը «Գանձասար-Կապան»-ի դեմ խաղում ոչ մարզական պահվածքի համար որակազրկվեց 2 տարի ժամկետով:

Բացի դրանից, «Արարատ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը կիսատ թողնելու համար երևանյան ակումբին գրանցվել է տեխնիկական պարտություն ու նաև նշանակվել տուգանք 250 հազար դրամի չափով: