21.09.2017 18:12

Արսեն Գրիգորյան. Անկախությունը եւ Սերը

Արսեն Գրիգորյան. Անկախությունը եւ Սերը

Մեր անկախությունը չանցավ այն ճանապարհը, որ անցնում են սիրահարները: Հիմա ասեմ, թե ինչի մասին է խոսքը: Երբ սերը հեշտ է տրվում կողմերից մեկին, այն ընթանում է դիմադրողականության ամենայն բացակայությամբ: Սիրո դիմադրողականության հմայքը ձեւակերպվում է միասին լինելու ամեն օրով, երբ միմյանց ունենալու ներքին պայքարն արդեն անցյալում է: Սիրո մեջ պետք է աննվաճության խայծ լինի: Սիրահարը պետք է հասկանա, թե ինչ դժվար է աղջկան «նվաճելը»:

Ռոմեոն ու Ջուլիետը էս «էքշընը» չանցան: Նրանք իրար հետ խնդիր չունեին, հենց սկզբից նրանք հասկացան, որ սիրում են իրար, նրանց խնդիրը շրջապատն էր: Շրջապատն էր փորձում անհնար դարձնել նրանց սերը: Վերոնայում Կոբուլետիների ու Մոնտեգյուների գերդաստանը իրար հանդեպ դարավոր թշնամանք ունի: Ռոմեոն ու Ջուլիետն այդ թշնամանքի մեջ են սիրում: Հետեւաբար մեռնում են: Ուրիշների՝ միմյանց վրա տարածվող ատելությունը սպանեց նրանց, որոնք սիրում են: Դիցուք, անկախության պարագայում մեր ուրիշը կարող էր լինել Մոսկվան: Մոսկվան առանձնապես շատ չդիմադրեց: Հետեւաբար, մենք չանցանք անկախության նվաճման փորձությունների միջով: Այսինքն, չհասցրինք, նրա աննվաճությամբ ձեւակերպել բոլոր արժեքները, որոնք աննահանջ կդարձնեն Անկախությունը: Վերադառնանք սիրուն: Ի՞նչ է այն՝ պարզ ձգողականություն: Ինչը բնական է երկու մարդու միջեւ: Ամբողջ Տիեզերքում ձգողականությունը եղանակ է ստեղծում: Ձգողականությունը կա ամեն ինչի մեջ: Այսինքն, առանց նրա չկա ոչինչ: Առանց նրա քաոսն է: Այսինքն, այն ի սկզբանէ է: Անկախության եւ ազգի միջեւ այդ ձգողականությունն անհրաժեշտություն է:

Սերը, ինչպես անկախությունը, չի կարող նվաճվել առանց ձեւակերպվելու: Դիցուք, տղան գտել է երազանքների աղջկան: Այնպես չէ, որ առաջին իսկ օրից աղջիկը հենց նա է, ում փնտրում էր տղան: Առաջին սիրո պարագայում աղջիկը կամ տղան երազանք են դառնում հենց առաջին սիրո բերումով: Մնացած բոլոր դեպքերում տղայի աչքին նույնիսկ ոչնչով աչքի չընկող աղջիկը կարող է դառնալ երազանքների աղջիկ: Սերն անխուսափելի է, հարցն այն է, թե ի վերջո ում միջեւ է անխուսափելի այն: Սիրո մեջ պետք է անխուսափելի լինի կասկածը, որ միյանց արժանի եք, այլապես այդ միության վերջը հետեւյալ երկխոսությունն է՝ դու ո՞վ ես, բա դու՞ ով ես: Եթե տղան համոզված է, որ աղջիկը հենց նա է, ում ինքը փնտրում էր, սկսվում է պայքարը: Եթե աղջիկն արագորեն տեղի տվեց, որովհետեւ տղան էլ պակաս երազանք չէ, սկսվելու է ճանաչողությունը: Այսինքն, փլուզումը: Սերը պետք է հասցնել այն վիճակին, որ ճանաչողությունը պարզապես լինի օժանդակ գործողություն: Որովհետեւ առանց փորձության սիրո մեջ միմյանց ճանաչելը լավ բանի չի հանգեցնի, սիրո մեջ արժեքներ ձեւակերպողը սերն է, ոչ թե միմյանց բնավորությունների իմացությունը: Եթե անկախությունը երազանք է, ամեն ինչ կանես, որ այդ երազանքի մեջ յուրաքանչյուրն ունենա իր դերը, տեղը, ամեն ինչ կկառուցվի արժանապատվության, հարգանքի, ընտրելու իրավունքի, խոնարհության եւ տիրոջ զգացումի ամբողջ տեսականիով:

Եթե մինչեւ նվաճելը անկախությունը քեզ չի քամել, քեզ ուղղակի չի «ջրազրկել», այդ ձեւակերպումն անավարտ է: Չջրազրկված անկախությունը նման է միլիարդատեր հոր փողերով ապրող որդու հաճույքներին: Այդ փողերն անկասկած մսխվելու են: Նոր Կտակարանի Անառակ որդին օտարության մեջ ձեւակերպեց հարազատ տունը: Ինքը ձեւակերպեց այն իշխանությունը, որն ուներ հարազատ տանը: Այդ իշխանության մեջ ամեն ինչ կար՝ տիրոջից մինչեւ ծառա: Ահա ինչու նա կարող էր սեփական հոր տանը խոզարած էլ աշխատել: Բայց դրա համար կարիք կար, որ ինքը անառականա: Դա նաեւ հարազատ տնից ոչ մի տեղ չհեռացած կրտսեր որդու անառակությունն էր, որը մուննաթ եկավ Անառակ որդու վերադարձից ուրախացած հոր վրա, դա բոլորի անառակությունն է, որը սեփական տան զգացումը չունի:

Սերն այնպիսի բան է, որի ներսում ամեն ինչ կարող է դառնալ փորձություն: Եթե հիմքում սերն է, փորձությունը նույնիսկ անհրաժեշտություն է: Այդպիսին է նաեւ անկախությունը: Գլխավորը, որ ոչինչ այլեւս չի կարող խաթարել այն: