22.09.2017 09:30

Արոնյանը ծանրագույն պայքարի արդյունքում դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

Արոնյանը ծանրագույն պայքարի արդյունքում դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում արդեն հայտնի դարձան եզրափակչի մասնակիցները:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կիսաեզրափակչի թայ-բրեյքում մրցում էր Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ-Վաշիե Լագրավի հետ: Նախօրեին կայացած դասական շախմատի երկու պարտիաներում հավասարություն էր արձանագրվել: Գրոմայստերները չկարողացան հաղթողին պարզել նաև արագ և կայծակնային շախմատի պարտիաներում:

Դիմակայության ելքը չվճռվեց նույնիսկ 5+3 համակարգով անցկացված երկու պարտիաներում: Իսկ «արմագեդոն» համակարգով անցած պարտիայում հայ գրոսմայսերտ ֆանտաստիկ հաղթանակ տարավ: Նշենք, որ այդ համակարգով անցնող պարտիաներում 61-րդ քայլից հետո գրանցված ոչ-ոքու դեպքում առավելությունը տրվում է սևերով խաղացող կողմին, սակայն սպիտակներով խաղացող Արոնյանը 78-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել մրցակցին:

Այսպիսով, Լևոն Արոնյանը դուրս եկավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի չինացի Դին Լիրենի հետ, ով մեծ անակնալի հեղինակ էր դարձել և կիսաեզրափակչում պայքարից դուրս էր թողել ամերիկացի Ուեսլի Սոյին:

Արոնյանն ու Լիրենը նաև իրավունք նվաճեցին մասնակցելու 2018 թվականի մարտին Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: